
Առաջարկվում է կոշկակարներին, մասնավոր կրկնուսույցներին դարձնել տեղական բյուջե վճարող հարկատու

Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնն առաջարկում է մանր բիզնեսում գործունեության որոշ տեսակներով զբաղվող ֆիզիկական անձանց դարձնել տեղական բյուջե վճարող հարկատու, այդ թվում՝ կոշկակարներին, մասնավոր կրկնուսույցներին և այլոց:
Այսօր ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում կենտրոնի ղեկավար Արմեն Եղիազարյանը ներկայացրեց «Արտոնագրային վճարների մասին» օրենքում առաջարկվող «պարզեցումները»:
Ըստ այդմ՝ առաջարկվում է սահմանել, որ արտոնագրային հարկով կարող են հարկվել միայն ֆիզիկական անձինք, հանել շրջանառության 9 մլն դրամի շեմը, ինչի արդյունքում արտոնագրային հարկով հարկվող ֆիզիկական անձինք վերոնշյալ գործունեության մասով հաշվառում վարելու անհրաժեշտություն չեն ունենա արտոնագրային հարկով հարկվող գործունեություն իրականացնելու համար Ձեռնարկատիրական արտոնագիրը ստանալ տեղական ինքնակառավարման մարմնից, և այլն:
Ա. Եղիազարյանը նշեց, որ արտոնագրային հարկը որպես տեղական հարկ սահմանելը կբերի գործունեության այդ տեսակներով զբաղվողների ստվերի կրճատմանը և կապահովի համայնքային բյուջեների հարկային եկամուտների աճ՝ հաշվի առնելով տեղական ինքնակառավարման մարմինների տեղեկացվածությունն իրենց տարածքում գործող մանր ձեռնարկատերերի վերաբերյալ: