«Չգիտես՝ ոչ էն ա՝ խնդաս, ոչ էն ա՝ լաս: Պետք է գնաս աշխարհի ամենակոռումպացված երկրների հետ կոռուպցիայի դեմ պայքարի ծրագի՞ր մշակես…». Ալեքսանդր Արզումանյան

Հայաստանը կմիանա Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդին: Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում քննարկվեց 2013թ. հոկտեմբերի 25-ին Մինսկում ստորագրված «Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի կազմավորման մասին» համաձայնագիրը:

Փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը ներկայացրեց, որ յուրաքանչյուր պետություն ունի մեկ ձայն, նախագահությունն այբբենական կարգով ռոտացիոն սկզբունքով փոխանցվում է, յուրաքանչյուր երկիր նախագահում է մեկ տարի ժամկետով: Նա նշեց, որ համաձայնագիրը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը:

Եղիազարյանը նշեց նաև, որ ՌԴ-ն, Բելառուսը և Ղազախստանն արդեն վավերացրել են համաձայնագիրը, և խորհուրդը գործում է: Ներկայումս նախագահում է Բելառուսը: Նրա խոսքով՝ եթե ՀՀ-ն վավերացնի համաձայնագիրը, ապա 2016թ. առաջին նիստը կանցկացվի Երևանում: Փոխոստիկանապետը նկատեց, որ ՀՀ-ում ստեղծվել է հահակոռուպցիոն խորհուրդ, և նման միջազգային խորհրդին մասնակցությունը դրական կլինի:

«Չգիտես՝ ոչ էն ա՝ խնդաս, ոչ էն ա՝ լաս: Էն, որ կոռուպցիան չարիք է, ու պետք է պայքարել, ակնհայտ է, բայց էն, որ պետք է գնաս աշխարհի ամենակոռումպացված երկրների հետ, ինքդ էլ լինելով ամենակոռումպացված, մշակես ծրագիր… Թուրքմենիան ամենակոռումպացվածների շարքում 7-րդն է, Ուզբեկստանը՝ 8-րդը: Անհասկանալի է, մակուլատուրաները դեմ են տալիս՝ ստորագրում ենք:

Մեր խորհուրդն ի՞նչ է արել, 25 տարի է՝ խրված ենք կոռուպցիայի մեջ: Գնում ենք՝ մեզ կոռուպցիա դասավանդող երկրների հետ, ի՞նչ անենք»,- դժգոհեց պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը:

Համաձայնագիրն ԱԺ լիագումար նստաշրջանի օրակարգում ընդգրկելու համար ստացավ դրական եզրակացություն, Ալեքսանդր Արզումանյանն ու Նիկոլ Փաշինյանը դեմ քվեարկեցին, Արմեն Ռուստամյանը՝ ձեռնպահ:

Տեսանյութեր

Լրահոս