Թուրքիայի Ջիզրե քաղաքում ուժայինների հետ բախումների հետևանքով 30 քուրդ է սպանվել
Նվազագույնը 30 մարդ է սպանվել Թուրքիայի հարավարևելյան Ջիզրե քաղաքում ուժայինների հետ բախումների հետևանքով, հայտնում է BBC-ն՝ ներկայացնելով Թուրքիայի ՆԳՆ տվյալները: Ջիզրեն գտնվում է Իրաքի ու Սիրիայի սահմանին մոտ:
Ոստիկանության տվյալով՝ զոհերի մեծ մասը քուրդ զինյալներ են, սակայն քրդամետ «Ժողովրդադեմոկրատական» կուսակցությունը արդեն հայտնել է 20 խաղաղ բնակչի զոհվելու մասին: Տեղի բնակիչները BBC-ին հայտնել են, որ քաղաքում փաստացի պարեկային ժամ է սահմանվել:
Նախօրեին ոստիկանությունը կասեցրել էր «Ժողովրդադեմոկրատական» կուսակցության առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշի գլխավորած պատվիրակության տեղաշարժը դեպի Ջիզրե, ովքեր փորձում էին ոտքով հասնել քաղաք: Նրանք ցանկանում էին ուշադրություն հրավիրել քրդաբնակ շրջանում բնակիչների դեմ իրականացվող հատուկ օպերացիաների վրա:
Թուրքիայում հունիսին կայացած խորհրդարանական ընտրություններում Ջիզրեի բնակիչների 85%-ը քվեարկել էր քրդամետ կուսակցության օգտին, որը արդյունքում կարողացել էր հայտնվել Թուրքիայի խորհրդարանում ու թույլ չէր տվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությանը ձևավորել կառավարություն:
BBC-ն ենթադրում է, որ Ջիզրեում քրդերի դեմ անցկացվող հատուկ օպերացիան կարող է գնահատվել որպես տեղացիներին պատժելու ձև: