Պուտինը փոխվել է Բաքվի բանակցություններից հետո. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ իր վերաբերմունքն է արտահայտել սիրիական հարցի նկատմամբ Ռուսաստանի դիրքորոշման վերաբերյալ:
Էրդողանի կարծիքով՝ Ռուսաստանը սկզբնապես ունեցել է այլ մոտեցում սիրիական խնդրի նկատմամբ, սակայն ավելի ուշ այդ մոտեցումը փոխվել է:
«Ես բանակցություններ եմ վարել պարոն Պուտինի հետ, տվյալ հարցերը մենք բազմակողմակիորեն քննարկել ենք Բաքվում՝ Եվրոպական խաղերի ժամանակ: Այդ ժամանակ ես ականատես եղա Պուտինի այլ մոտեցման: Սակայն Պուտինի մյուս հայտարարությունները, անկեղծ ասած, շոկի են մատնել ինձ: Ինձ համար դա դժվար է հասկանալ»,- հայտարարել է Էրդողանը CNN International հեռուստաալիքում Բեքի Անդերսոնի Connect to World ծրագրին տված հարցազրույցում:
Թուրքիայի նախագահը անդրադարձել է նաև սիրիացի փախստականների խնդիրներին: Սիրիայի փախստականների ներկայիս վիճակի համար Էրդողանը մեղադրել է «ողջ արևմտյան աշխարհին»:
Նա ասել է, որ այսօրվա փախստականների խնդիրը այն բանի արդյունք է, որ բոլորը պարզապես հետևում էին այն բանին, թե ինչ է տեղի ունենում Սիրիայում ու Իրաքում:
«Սիրիայի գործերին միջամտելը երբեք ցանկալի չի եղել: Սիրիան ղեկավարում էր բռնապետ ղեկավար, ու այդ ղեկավարը միշտ ուներ իր հովանավորը: Ոչ ոք չէր մտածում այն մասին, որ մեզ հարկավոր է այնպես անել, որ նրան հեռացնեինք»,- հայտարարել է Էրդողանը: