Վլադիմիր Գասպարյանը խորհրդակցություն է անցկացրել

Սեպտեմեբերի 5-ին, «Շանթ-2015» զորավարժության շրջանակներում, ոստիկանությունում տեղի ունեցավ ամփոփիչ խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվեցին վարժանքին ոստիկանության ստորաբաժանումների մասնակցության արդյունքները:

Խորհրդակցությունը վարում էր ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:

Ներկա էին գերատեսչությունների ներկայացուցիչներ, որոնք զորավարժությանը մասնակցել էին դիտորդի կարգավիճակով, ոստիկանության կոլեգիայի անդամներ, կենտրոնական ապարատի, մարզային վարչությունների և տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ:

Խորհրդակցության մասնակիցները վերլուծեցին ոստիկանության օպերատիվ գործողությունները՝ հասարակական կարգի և անվտանգության ապահովման, գերատեսչությունների պայմանական տարհանման, փախստականների ճամբարի կազմակերպման, պարետային ժամի ռեժիմով վերակարգերի ծառայության իրականացման ուղղությամբ, հանցագործությունների կանխարգելման և բացահայտման միջոցառումների ընթացքը, բնակչության հետ տարված բացատրական աշխատանքների համալիրը և այլն:

Քննարկվեցին զորավարժությունների ընթացքում ոստիկանության իրականացրած միջոցառումներն՝ ըստ խաղաղ ժամանակաշրջանից պատերազմականի փոխադրման, զորահավաքային, քաղաքացիական պաշտպանության պլանների, ինչպես և պահեստային կառավարման կետի պատրաստականության, գաղտնիության ռեժիմի ու անվտանգության կանոնների պահպանման և մի շարք այլ խնդիրներ:

Դիտորդները դրական գնահատեցին ոստիկանության ծառայությունների գործողությունները՝ նշելով դրանց օպերատիվությունն ու կազմակերպվածությունը:

Ամփոփելով «Շանթ-2015» զորավարժությանը ոստիկանության ստորաբաժանումների մասնակցության արդյունքները՝ Վլադիմիր Գասպարյանը շնորհակալություն հայտնեց անձնակազմին ծառայության համար և նշեց, որ զորավարժության կարևորագույն ձեռքբերումներից մեկը բարոյահոգեբանական բարձր մթնոլորտն էր, որը ոստիկանության պետը համեմատեց Մեծ եղեռնի 100-րդ տարելիցի միջոցառումների հետ:

Ավարտին խորհրդակցության մասնակիցներին տրվեցին հանձնարարականներ:

ՀՀ ոստիկանություն

 

Տեսանյութեր

Լրահոս