
ՀԺԿ-ն պատրաստ է համագործակցել տարբեր քաղաքական ուժերի հետ

«2005 թ. սահմանադրական փոփոխություններն իրականացվեցին աներևակայելի կեղծիքներով: Ո՞րն է իմաստը նման կեղծիքներով փոփոփությունների, ինչի՞ են հասնում: Հիմա խոսում են, որ որակապես փոխվելու է վիճակը, ժողովրդավար քայլ է, բայց նույնն ասվում էր այն ժամանակ և ի՞նչն է փոխվել՝ մարդիկ ավելի ապահո՞վ են, կոռուպցիան է պակասե՞լ: Որևէ դրական փոփոխություն չկա, երկիրն ամայանում է»,- այսօր ԱԺ-ում լրագրողներին հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը:
Ըստ նրա՝ ընդդիմությունը պետք է միավորվի և իրենք պատրաստ են համագործակցել տարբեր քաղաքական ուժերի հետ. «Սահմանադրական փոփոխություններ կարելի է իրականացնել այն դեպքում, երբ վստահության մթնոլորտ կա երկրում, իսկ այս կիսապատերազմական լարված վիճակում ի՞նչ փոփոխությունների մասին է խոսքը: Անհեթեթ իրավիճակ է, բարձրաստիճան շատ պաշտոնյաններ իրենց մտահոգությունն էին արտահայտում այս փոփոխությունների հանդեպ և գտնում էին ոչ նպատկահարմար: Բայց միաժամանակ իշխանությունն իրականացնում է դրանք՝ մի կողմ թողնելով երկրի առջև ծառացած բազմաթիվ խնդիրները, որոնք կարելի է լուծել գործող Սահմանադրության շրջանակներում: Որոնք են այդ խնդիրները՝ անպատժելիոթյան վերացում, աղքատության հաղթահարում, աշխատատեղերի ստեղծում, արտագաղթի կասեցում: Հասարակությունը լավագույն դեպքում անտարբեր է այս փոփոխությունների նկատմամբ»:
Ս. Դեմիրճյանի կարծիքով՝ որևէ երաշխիք չկա, որ դրանից հետո որևէ դրական փոփոխություն կլինի. «2005թ. նույն խոսակցություններն էինք լսում, դրանից հետո ունեցել ենք Մարտի 1, արտագաղթի ավելացում: Պատճառը Սահմանադրության ոտնահարումն է և իշխանության զավթումն է, որ այս իրավիճակն է: Ընդդիմությունը կքննարկի, թե ինչ քայլեր կանի: Կեղծում են ընտրություններում ու Սահմանադրություն փոխում: Իշխանությունը հավերժ է, Սահմանադրությունը փոխվում է այս երկրում»:
Դեմիրճյանը կրկնեց, որ իրենք կողմ են արտահերթ ընտրություններին և որքան շուտ դրանք կայանան, օրինական իշխանություն ձևավորվի, այնքան լավ: Նա հրաժարվեց մեկնաբանել ԲՀԿ-ի և Լյուդմիլա Սարգսյանի դիրորոշումը սահմանադրական փոփոխությունների և Սերժ Սարգսյանի հարցում: