
«Ասում են՝ կազինոն լինելու է համալիրից 1.5-2 կմ հեռավորության վրա». Ստեփան Դեմիրճյանը մտահոգված է

«Կառավարության դիրքորոշումը որևէ քննադատության չի դիմանում: Ինչո՞ւ պետք է այս եզակի համալիրը՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը վաճառվի ինչ-որ մի ըներության, որ գրանցվել է ընդամենը 1 ամիս առաջ: Անընդունելի եմ համարում նաև հարակից տարածքների կառուցապատումը, որը աղավաղելու է համալիրի ճարտարապետական տեսքը: Կառուցապատվելու է, ըստ էության, կանաչ տարածքների ոչնչացման հաշվին, և կառավարությունը պետք է վերանայի իր որոշումն ու մոտեցումները»,- այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը:
Նա նշեց, թե խոսակցություններ կան, որ կազինոն լինելու է համալիրից 1.5-2 կմ հեռավորության վրա, բայց հարց է առաջանում՝ այդ ի՞նչ տարածք են հատկացրել այս ընկերությանը. «Մի ամբողջ վարչական տարածք են հատկացրե՞լ»: Ս.Դեմիրճյանը դեմ արտահայտվեց, որ նույնիսկ 100 մլն ներդրման դեպքում քաղաքում կազինո կառուցվի: Նա հույս հատնեց, որ կառավարությունն, ի վերջո, ճիշտ կկողմնորոշվի: Պատգամավորը կարևորեց, որ համալիրի ուղղվածությունը պահպանվի և չաղավաղվի տեսքը. «Մտահոգություն կա, որ կարող է պատշաճ ուշադրություն չդարձնեն համալիրին, իսկ կազինոյի կետը կատարվի և այն կառուցվի»: