«Ներկայիս կիսապատերազմական վիճակում մտահոգիչ է խորհրդրանական կառավարման համակարգին անցնելը»

Սահմանադրական դատարանի անդամ Ֆելիքս Թոխյանը գտնում է, որ Հայաստանի ներկայիս կիսապատերազմական վիճակում մտահոգիչ է խորհրդրանական կառավարման համակարգին անցնելը: «Մտահոգիչ է, պետք է պրակտիկան ցույց տա: Ժողովրդի կողմից չընտրված նախագահին չենք կարող տալ այն լիազորությունները բանակի, զինված ուժերի կառավարման ոլորտում, որը տալիս ենք անմիջական ժողովրդի կողմից ընտրված նախագահին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ֆ. Թոխյանը:

Նա նշեց, որ սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովն ընտրել է այս ուղին, որ խաղաղ ժամանակ ԶՈՒ ղեկավարը կառավարությունն է, պատերազմական ժամանակ՝ վարչապետը. «Կյանքը ցույց կտա: Թող Աստված չտա, որ մենք ինչ-որ լուրջ պրոբլեմներ ունենանք, բայց սա էլ աշխատող մոդելներից մեկն է, որը գործում է Իսրայելում, որոշ չափով գործում է Գերմանիայում: Կյանքը ցույց կտա, թե ինչքանով կգործի Հայաստանում»:

Թե այս պարագայում ո՞րը կարող է լինել վատատեսական սցենարը, Ֆ. Թոխյանը դժվարացավ պատասխանել. «Ես չեմ կարող ասել` ինչպես կաշխատի մոդելը, երբ այն դեռ չի աշխատել: Մոդելն առաջարկվել է հանձնաժողովի կողմից, կքննարկվի նախագահի կողմից, կքննարկվի ԱԺ կողմից, կարող է քննարկումների արդյունքում փորձեն այլ ձևով այդ հարցերը լուծել: Առայժմ այդպես է լուծվել, բայց՝ ոչ վատթարագույն ձևով»:

Տեսանյութեր

Լրահոս