«Նուբարաշեն»-ում փախստականների համար պայմանական ճամբար են սարքել
Հայաստանում ընթացող «Շանթ 2015» ռազմավարական հրամանատարային վարժանքների շրջանակում Երեւանի «Նուբարաշեն» հրաձգարանի տարածքում փախստականների համար պայմանական ճամբար են սարքել։
Զորավարժությունների սցենարի համաձայն՝ ճամբարը նախատեսված է այլ երկրներից կյանքի եւ առողջության վտանգի պատճառով Հայաստան տեղափոխված փախստականների համար։ Ինչպես լրագրողներին հայտնել է ՏԿԱԻՆ միգրացիոն ծառայության ներկայացուցիչ Պետրոս Աղաբաբյանը, ՀՀ օրենսդրության համաձայն՝ կյանքին վտանգ սպառնալու պարագայում սահմանը հատած փախստականների համար Հայաստանում ժամանակավոր կացարան են տրամադրում։
Ճամբարի տարածքում գործում են բոլոր անհրաժեշտ ծառայությունները, աշխատում է օպերատիվ-քննչական խումբ, հանգստի ճամբարներ, ֆիլտրացիոն կետ, ճաշարան, բուժկետ։ Այստեղ հայկական ԿԽՄԿ հետ համատեղ փախստականների հաշվառում է անցկացվում, նրանցից վերցնում են հարկադիր փախուստի մասին վկայականներ, կա նաեւ թարգմանիչ։ Սցենարով կազմակերպվել է ստեղծված պայմաններից փախստականների դժգոհության ներկայացում, եւ միջոցառումներ են ձեռնարկվել բողոքը քննարկելու համար։
ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի իրավաբանական գրասենյակի ղեկավար Քեյթ Պոչապսկու խոսքով՝ Հայաստանի կառավարության կողմից զորավարժությունների ծրագրում փախստականների տեղավորման հարցը ներգրավելը ողջունելի է։ Նա գոհունակություն է հայտնել եւ նշել, որ համագործակցությունը կշարունակվի։
Նշենք, որ այսօր տեղի է ունեցել կառավարության արտագնա նիստ, որից հետո մի շարք գերատեսչությունների ղեկավարներ այցելել են փախստականների պայմանական ճամբար՝ ծանոթանալու պայմաններին: