Սերժ Սարգսյանն ընդունել է Անջեյ Կասպրչիկին. քննարկվել է վերջին օրերին սահմանին տիրող իրավիճակը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են վերջին օրերին հայ-ադրբեջանական պետական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակի հետ կապված հարցեր:
Երկուստեք մտահոգություն է հայտնվել շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման հաճախակի դարձած դեպքերի կապակցությամբ:
Նախագահ Սերժ Սարգսյանը կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկված միջադեպերի քննության մեխանիզմի շուրջ համաձայնության հասնելը՝ ընդգծելով, որ դա հնարավորություն կընձեռի խուսափել իրավիճակի նման սրացումներից և մարդկային կորուստներից։ Նա նաև դրական է գնահատել նման իրավիճակներում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից իրականացվող դիտարկումների հաճախակիացումը:
Անդրադարձ է եղել նաև ս.թ. սեպտեմբերի 3-ից 6-ը անցկացվող «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններին և դրանց նպատակին: