Արցախից Տավուշի սահմանագոտի է մեկնել հարյուր ազատամարտիկ՝ վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ
Այսօր վաղ առավոտյան, Արցախի ազատամարտիկների միության (ԱԱՄ) նախաձեռնությամբ Ստեփանակերտից Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելյան՝ Տավուշի սահմանագոտի է մեկնել հարյուր ազատամարտիկ՝ ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի և միության նախագահ Սամվել Կարապետյանի գլխավորությամբ:
«Արցախպրես»-ի թղթակիցն այդ կապակցությամբ մեկնելուց առաջ զրուցել է ազատամարտիկների հետ՝ նրանց տրամադրվածության և նպատակների մասին, որը ներկայացնում ենք ստորև. Սամվել Աղաջանյան, Արցախի ազատամարտիկների միության Ասկերանի տարածքային միավորման նախագահ
– Մենք պատրաստ ենք «Մեկ ազգ, մեկ հայրենիք» կարգախոսի ներքո ծառայելու մեր հայրենիքի բոլոր հատվածներում:Մեկնում ենք մեծ ոգևորությամբ ու բարձր տրամադրությամբ: Մեր նպատակն է մեկ անգամ ևս թշնամուն ջախջախիչ հարված հասցնել և հասկացնել, որ այլևս հրաժարվի նման ոտնձգություններից: Ավելին՝ Արցախի ազատամարտիկները միշտ պատրաստ են մեկնել նաև Արևմտյան Հայաստան՝ ազատագրելու մեր հայրենիքի մյուս հատվածները ևս: Ասկերանի տարածքային միավորման անդամներից շատերն են ցանկություն հայտնել սահմանագիծ մեկնելու, սակայն տեղերի սահմանափակ լինելու պատճառով այս անգամ ավելի քիչ ազատամարտիկներ են ընդգրկվել Ասկերանից:
Էդիկ Խաչատրյան, Արցախի ազատամարտիկների միության աշխատակազմի ղեկավար
– Մեկնում ենք մեծ ոգևորությամբ: Յուրաքանչյուրիս պարտքն է պաշտպանել հայրենիքի սահմաններն ու ապահովել մեր ժողովրդի անվտանգությունը: Մենք ունենք մեկ ընդհանուր հայրենիք ու սահման և պատրաստ ենք ցանկացած պահի դիմագրավելու թշնամու բոլոր ոտնձգություններն ու դաս տալու նրան: Սահմանագիծ մեկնելու և մեր զինվորների կողքին կանգնելու մեր հերթական առաքելության նպատակը մեկ անգամ ևս ցույց տալն է, որ հայ ազգը պատրաստ է ցանկացած պահի միասնական գործելու, ինչը մեր հաղթանակի գրավականն է:
Հարութ Մնացականյան, ԱԱՄ «Հայրենյաց պաշտպան» երիտասարդական հասարակական կազմակերպության նախագահ
– Մենք տրամադրված ենք մարտական, և երիտասարդական խմբում կամավոր ընդգրկված 7 տղաները կազմ ու պատրաստ են փորձառու ազատամարտիկների կողքին իրականացնելու ցանկացած մարտական առաջադրանք: Նաև ոգևորված ենք, քանի որ կրկին մեր հայրենիքի սահմանին ենք կանգնելու:
Այս այցելությունը սահմանագիծ խորհրդանշական բնույթ է կրում, քանզի սահմանին կանգնած մեր զինվորներն անթերի ու վստահ են իրականացնում իրենց առաքելությունը: Մեր նպատակն է ևս մեկ անգամ ցույց տալու մեր միասնությունն և այն կամքը, որ պատրաստ ենք կանգնելու բոլորիս հայրենիքի սահմանի ցանկացած հատվածի պաշտպանության դիրքերում:
Հրաչիկ Նասիբյան, ԱԱՄ Ստեփանակերտի տարածքային 5-րդ միավորման նախագահ
-Հաճախ ենք մասնակցություն ունենում ռազմահայրենասիրական տարաբնույթ միջոցառումների կազմակերպմանը՝ լինի դա Արիության դաս, այցելություն սահմանագիծ: Կարծում եմ, որ սահմանը բոլորիս տունն է: Մարտական տրամադրվածությամբ էլ մեկնում ենք հայրենիքի սահման՝ մեր ներդրումն ունենալու նրա պաշտպանության գործում: Մենք չենք հարձակվում և չենք ուզում պատերազմել, բայց որտեղից մեզ վրա կրակեցին, այնտեղ նրանց կոչնչացնենք: