Բաժիններ՝

Ադրբեջանում ցնցված են Հայաստանում անցկացվող «Շանթ-2015» զորավարժությունների բարձր մակարդակով

Ադրբեջանում ցնցված են այդ երկրի հետ հայկական երկու հանրապետությունների սահմաններում լարված իրավիճակի պայմաններում Հայաստանում պլանային «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների անցկացման բարձր մակարդակով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ադրբեջանական իշխանամետ ԶԼՄ-ներն անթաքույց նախանձով են անդրադարձել զորավարժանքների հենց առաջին օրը Հայաստանի ղեկավարության, ուժային կառույցների պատրաստվածությանը եւ բնակչության բոլոր շերտերի ակտիվ մասնակցությանը միջոցառմանը:

Մասնավորապես, Ադրբեջանի իշխանության խոսափող haqqin.az եւ virtual.az լրատվական կայքերը գրել են, որ չնայած զորավարժանքների գաղտնի բնույթին, այն բնակչության շրջանում տագնապ չի առաջացրել անգամ սահմանամերձ որոշ շրջաններից բնակիչների զանգվածային տարհանման ժամանակ, ինչը եղել է զորավարժանքների տարրերից մեկը:

ԶԼՄ-ները մեջբերել են Հայաստանի ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի` բնակչության համար արած այն պարզաբանումը, որ զորավարժանքները պետական բոլոր կառույցների աշխատանքները համակարգելու քննություն են` միտված հավանական ռազմական գործողություններին պետական կառույցների եւ բնակչության պատրաստվածության բարձրացմանը:

Ադրբեջանական իշխանամետ ԶԼՄ-ներն անդրադարձել են նաեւ զորավարժանքների շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից սեպտեմբերի 3-ին հրավիրված Անվտանգության խորհրդի նիստին, որտեղ տեղեկություններ են հաղորդվել վերջին օրերին Հայաստանի շրջակայքում տեղի ունեցող իրադարձությունների մասին:

Հայաստանում սեպտեմբերի 3-ին մեկնարկել են «Շանթ 2015ե ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները: Համապետական նշանակության «Շանթ-2015ե զորավարժությունը պլանային բնույթի է և նպատակաուղղված է պաշտպանությանը պետության անմիջական նախապատրաստության և ագրեսիայի հետմղման ընթացքում պետական և ռազմական կառավարման մարմինների զորահավաքային նախապատրաստության, պատրաստականության բարձր աստիճանների բերման ունակության վերստուգմանը, փոխգործակցության և գործողությունների ներդաշնակության մակարդակի բարձրացմանը:

Հաշվի առնելով Հայաստանի շուրջ և մերձատարածքում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը, զորավարժության սցենարում առկա մտացածին հակառակորդը և իրավիճակը առավելապես համապատասխանեցված են իրականությանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս