Բաժիններ՝

Ադրբեջանը Եվրոպայի խորհրդում պետք է զրկվի ձայնի իրավունքից. HRW

Բաքվում լրագրող Խադիջա Իսմայիլովային դատապարտել են կեղծ, քաղաքական մեղադրանքներով: Դա վկայում է դատարանի ու պետական համակարգի թերարժեքության մասին: Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ չեղյալ հայտարարեն դատավճիռն ու ազատ արձակեն նրան: Այս մասին ասվում է Human Right Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության հայտարարության մեջ:

«Վրդովեցուցիչ դատավճիռը ցույց է տալիս Ադրբեջանի իշխանությունների պատրաստակամությունը՝ ոչնչացնել օրենքը քննադատներից վրեժ լուծելու համար»,- ասել է Քեննեթ Ռոտը՝ HRW-ի գործադիր տնօրենը:
«Այդ պատճառով տվյալ դատավճիռը պետք է անհապաղ չեղյալ հայտարարվի»,- ասել է նա:
«Ադրբեջանը արդարությունը ծաղրուծանակի է ենթարկում, քանի որ դա իրեն ներվում է: Ժամանակն է՝ միջազգային հանրությունը կոնկրետ քայլեր ձեռնարկի: Եվրամիությունը ու անդամ երկրները պետք է ցուցաբերեն միասնական ռեակցիա՝ կապված Ադրբեջանում մարդու իրավունքների սարսափելի վիճակի հետ: Այդ ռեակցիան պետք է ներառի Բաքվի հետ ռազմավարական համագործակցության մասին նոր համաձայնաության բանակցությունների դադարեցում: Ադրբեջանը պետք է զրկվի ԵԽԽՎ-ում ձայնի իրավունքից: Եվրամիությունը պետք է մարտահրավեր նետի Բաքվին՝ ասելով, թե նրա վարքը չպետք է մնա անպատիժ»,- ասվում է HRW-ի հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ երեկ Բաքվի դատարանը լրագրող Խադիջա Իսմայիլովային դատապարտեց 7,5 տարվա ազատազրկման:

Լրագրողին մեղավոր են ճանաչել զրպարտության, հարկերից խուսափելու, անօրինական ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու ու իշխանությունը չարաշահելու մեջ:
Խադիջա Իսմայիլովան մշտապես եղել է Ադրբեջանի կառավարության թիրախում իր լրագրողական գործունեության պատճառով: Նա մի շարք լրագրողական հետաքննությունների հեղինակ է, որտեղ բացահայտել է Ադրբեջանի իշխանական վերին օղակներում կաշառակերությունն ապացուցող փաստեր:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս