
Հռոմի պապը հոգևորականներին թույլատրել է կատարել աբորտի մեղքի թողություն

Ինչպես բխում է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի նամակից, որը հրապարակել է Վատիկանը, հոգևորականներին թույլատրվում է ներել աբորտի մեղքը: Այս որոշումըը գործելու է այսպես կոչված Սուրբ (Հոբելյանական) տարում, որը կսկսվի 2015թ. դեկտեմբերի 8-ին ու կտևի մինչև 2016թ. նոյեմբերի 26-ը:
Սուրբ տարում թույլատրելի է մեղքերի հատուկ թողությունը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Աբորտը, համաձայն Հռոմի կաթոլիկ եկեղեցու, համարվում է այնքան ծանր մեղք, որ առաջարկվում է ավտոմատ կերպով զրկել հաղորդությունից նրանց, ովքեր նման քայլի են դիմել:
Սովորաբար, նման մեղքին կարող է թողություն տալ թեմի առաջնորդը, սակայն Հռոմի պապի որոշումը նման հնարավորություն է ընձեռում բոլոր հոգևորականներին:
«Անտեսելով բոլոր առարկությունները՝ որոշեցի թույլատրել բոլոր հոգևորականներին Հոբելյանական տարվա ընթացքում իրենց հայեցողությամբ թողություն տալ այն բոլոր կանանց, ովքեր նման քայլի են դիմել»,- ասվում է Հռոմի պապի նամակում:
Ինչպես գրել է Ֆրանցիսկոսը, ինքը բազմաթիվ կանանց է հանդիպել, ովքեր իրենց սրտում կրում են այդ տանջալից ու ցավագին որոշման սպին:
Հռոմի պապն այդ քայլով, փաստացի, դեմ է գնում պահպանողական շրջանակների այն կարծիքին, ովքեր դեմ են աբորտ կատարած կանանց մեղքերին թողություն տալուն:
Հռոմի պապը նախկինում դատապարտել է աբորտների պրակտիկան՝ սարսափելի անվանելով այն, որ «աբորտի զոհերը» երբեք չեն տեսնի արևի լույսը: Նրա խոսքով՝ բազմաթիվ կանայք հղիության ընդհատման են դիմում, քանի որ «վստահ են, որ այլ ելք չունեն»:
Հոբելյանական տարին ավանդաբար նշվում է ամեն 25 տարին մեկ, սակայն Հռոմի պապերը կարող են հոբելյանական տարիներ հայտարարել արտահերթ կարգով: Արտահերթ Հոբելյանական տարին ստացել է «Ողորմածության սուրբ տարի» անվանումը
Վերջին անգամ նման որոշում կայացրել էր Հռոմի պապ Հովհաննես-Պողոս 2-րդը 2000 թվականին: