Բաժիններ՝

«Ո՛չ մեր որոշման, ո՛չ մեր պլանների մեջ ոչ մի փոփոխություն չի կարող լինել». Մաքսիմ Սարգսյան

«Ո՛չ մեր որոշման, ո՛չ մեր պլանների մեջ ոչ մի փոփոխություն չի կարող լինել, որովհետև այդ հայտարարությունը միայն ծիծաղ կարող է առաջացնել, այսինքն՝ այն, ինչ իրենք անում են որևէ բան չի նշանակում, այդտեղ անգամ կես քայլ չկա, իրենք պարզապես իրենց բնորոշ ձևով հերթական անգամ փորձում են մարդկանց խմբերի բաժանել»,- 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց էլեկտրաէներգիայի սակագնի դեմ պայքարող «Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը՝ խոսելով այսօր կառվարության նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանի արած հայտարարության մասին:

Հիշեցնենք, որ այսօր վարչապետը հայտարարեց, որ ՀՀ կառավարությունը կսուբսիդավորի ոչ միայն բնակչության, այլ նաև փոքր ու միջին բիզնեսի սպառած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը: Հիշեցնենք նաև, որ օրերս առաջ «Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնության անդամները հայտարարել էին, որ նորից պայքար են սկսելու սեպտեմբերի 1-ից, քանի որ նախագահն ու վարչապետը «խաբել» են ժողովրդին՝ ասելով, որ կառավարությունը աուդիտի անցկացման ընթացքում էլեկտրաէներգիայի բարձրացված սակագինը կվերցի իր վրա, սակայն հետագայում պարզ է դարձել, որ դա չի վերաբերվում ՓՄՁ-ների ներկայացուցիչներին: Այժմ վարչապետը հստակ հայտարարել է, որ իրենք նաև կսուբսիդավորեն ՓՄՁ-ներին, սակայն այս հայտարարությունը ոչ մի ձևով չի ազդելու նախաձեռնության հետագա քայլերի վրա:

Հարցին՝ կառավարության այս որոշումն ըստ Ձեզ՝ ի՞նչ միտում կարող էր ունենալ, Մաքսիմն այսպես պատասխանեց. «Չեմ կարող ասել՝ ինչ միտում ունեն, որովհետև իրենց միտումները մի քիչ բարդ է գուշակել, բայց այն, որ որևէ կերպ որևէ բանի վրա չի ազդելու, դա միանշանակ կարող եմ ասել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս