ՀՀ կառավարությունը կսուբսիդավորի ոչ միայն բնակչության, այլ նաև փոքր ու միջին բիզնեսի սպառած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը

ՀՀ կառավարությունը կսուբսիդավորի ոչ միայն բնակչության, այլ նաև փոքր ու միջին բիզնեսի սպառած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը: Այսօր գործադիրը նիստում որոշում ընդունեց էլեկտրաէներգիայի սակագների մեղմացման միջոցառման մասին և այս տարվա օգոստոսի 1-ից մինչև «Հայաստանի էլկետրական ցանցեր» ընկերությունում իրականացվելիք աուդիտի ավարտը արտաբյուջեից կփոխհատուցի էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը բնակչության և փոքր ու միջին բիզնեսի համար:

Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը զեկուցեց, որ սակագների՝ 6.93 դրամ/կՎտժ բարձրացման վերաբերյալ ՀԾԿՀ որոշումը հասարակության լայն զանգվածների դժգոհության առիթ դարձավ, ինչի կապակցությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանրապետության տնտեսական քաղաքականության պատասխանատուների հետ հունիսի 27-ին իր մոտ անցկացրած խորհրդակցության արդյունքներով առաջարկեց անցկացնել ուսումնասիրություն, որը կպատասխանի թե ինչքանով է հիմնավորված սակագնի բարձրացումը և որ սակագնի չբարձրացման դեպքում ինչպիսի վտանգներ են սպասվում էներգետիկ համակագին, իսկ մինչև խորհրդատվական ծառայության արդյունքների ստացումը՝ փոխհատուցել սակագնի բարձրացումը:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ այսօր առավոտյան Սերժ Սարգսյանի հետ կրկին քննարկել են հարցը, որոշում է կայացվել փոխհատուցում տրամադրել նաև ՓՄՁ-ի համար, քանի որ դժգոհություն կա, որ փոքր ու միջին բիզնեսը չի կարողանում աշխատել: Նրա խոսքով՝ խորհդրատվությունը հանձնաժողովում արդեն սկսված է:

Նշենք, որ նախատեսվում է փոխհատուցել ամսական մինչև 500 կՎտժ սպառում ունեցող  սպառողների (ամսական մինչև 250 կՎտժ սպառման մասով)  ծախսած էլեկտրական էներգիայի սակագների տարբերությունը: Դա հնարավորություն է տալիս փոխհատուցվող շահառուների խմբում  առավել ընդգրկել ՓՄՁ-ներին: Խոշոր բիզնեսի օգտին փոխհատուցում չի նախատեսվում:

Տեսանյութեր

Լրահոս