5 գաղտնիք, որ կօգնեն ձեզ նիհարել մեկ անգամ և ընդմիշտ
Kitchenmag.ru կայքը ներկայացրել է 5 խորհուրդ, որոնք կօգնեն մեկ անգամ և ընդմիշտ ազատվել ավելորդ կիլոգրամներից:
1. Մոռացեք դիետաների մասին: Ժամանակակից դիետոլոգներն ու բժիշկները վստահեցնում են, որ ավելորդ կիլոգրամներից ազատվելու համար անհրաժեշտ է լավ սնվել: Սովի մշտական զգացողությունը երբեք չի նպաստում լավ ինքնազգացողություն ունենալուն: Անընդհատ հետևելով որոշակի դիետաների` դուք օրգանիզմը չեք հագեցնում անհրաժեշտ նյութերով և նրան դնում եք սթրեսային վիճակի մեջ:
Սննդակարգը ձևավորելիս հետևեք որոշակի կանոնների: Կերեք օրական 5-6 անգամ: Սննդակարգում պարտադիր պետք է լինի սննդի երեք լիարժեք ընդունում` նախաճաշ, ճաշ, ընթրիք, ինչպես նաև՝ երկու ընդմիջում: Սննդի վերջին ընդունումը պետք է տեղի ունենա քնելուց 4 ժամ առաջ:
2. Սննդակարգից հանեք որոշակի մթերքներ: Եթե ցանկանում եք նիհարել, ապա պետք է մոռանալ ալյուրից պատրաստված մթերքների, ինչպես նաև տապակած, ճարպոտ և աղի մթերքներից: Սննդակարգից հանեք նաև այն մթերքները, որոնք օրգանիզմում ավելորդ ջուր են պահում: Դա կօգնի արագացնել ավելորդ քաշից ազատվելու գործընթացը:
Եթե դուք ձեր կյանքը չեք պատկերացնում առանց շաքարի, ապա տորթերը, կոնֆետները կարելի է փոխարինել բնական մթերքներով. կերեք թուզ, մեղր, քաղցր միրգ և այլն:
3. «Մաքրեք» սառնարանը: Եթե ձեր աչքի առաջ լինեն միայն օգտակար մթերքներ, դուք միայն դրանք կուտեք: Մինչև առողջ սննդակարգի անցնելը կարգի բերեք ձեր սառնարանը` այնտեղ տեղավորելով միայն անհրաժեշտ մթերքներ: Սառնարանում ունեցեք սովորական ջուր, բանջարեղեն, միրգ, հավի, ձկան միս:
4. Հատուկ ուշադրություն դարձրեք սպիտակուցներին: Ձեր երազած կառուցվածքը ձեռք բերելու համար անհրաժեշտ է սննդակարգն այնպես կարգավորել, որ այն հավասարակշռված լինի: Սա նշանակում է, որ սննդակարգում պարտադիր պետք է ներառել սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր: Հատուկ ուշադրություն պետք է դարձնել սպիտակուցներին: Այն օգնում է ոչ միան նիհարել, այլև ձիգ մարմին ունենալ: Դա կապված է նրա հետ, որ սպիտակուցն ակտիվորեն մասնակցում է մկանային զանգվածի ձևավորմանը: Սպիտակուց պարունակում են միսը, ձուկ, ծովամթերքը, ձուն, կաթնամթերքը:
5. Սիրեք սպորտը: Եթե ցանկանում եք ձիգ մարմին ունենալ, չեք կարող «գլուխ հանել» առանց սպորտի: Պատճառներ մի փնտրեք և մի խղճացեք ինքներդ ձեզ: Օրվա ընթացքում 30 րոպե մարզվելը կարող է շատ օգտակար լինել:
Պատրաստեց 168.am-ը