«Ես ավելի բարձր կարծիք ունեմ իշխանությունների մասին». Արմեն Մարտիրոսյան

Քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչներն այս օրերին հանդիպում են երկրի նախագահի հետ և քննարկում սահմանադրական փոփոխությունների նախագիծը: Մինչ այժմ Սերժ Սարգսյանի հետ հանդիպել են ՕԵԿ-ը, ԲՀԿ-ն, ՀՀՇ-ն, ՍԴՀԿ-ն, ՀՅԴ-ն, «Ազատ դեմոկրատները», չեն հանդիպել «Ժառանգություն» կուսակցության անդամները: Որոշ քաղաքական գործիչներ այն կարծիքին են, որ եթե անգամ կուսակցությունը դեմ է սահմանադրական բարեփոխումներին, այնուամենայնիվ պետք է մասնակցեր նախագահի հետ հանդիպմանը և հայտներ կուսակցության կարծիքը:

168.am-ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ ևս մեկ անգամ այդ քննարկումներին մասնակցելու կարիք չկար, քանի որ իրենք դեռ նախորդ տարի ներկայացրել էին իրենց առաջարկները, որոնք չընդունվեցին. «Իշխանության ներկայացուցիչները շատ լավ հասկանում են մեր առաջարկների էությունը, շատ լավ գիտեն՝ դրանք ինչի համար ենք անում: Իրենք շատ հանգիստ կարողանում են պատկերացնել՝ որն է իրենց ձեռնտու, որը՝ ոչ, որն է երկրի համար պետք, որը՝ ոչ: Եթե իրենց իշխանությունը պահելու համար մեր առաջարկները չեն ընդունում, բնականաբար, երկրորդ անգամ նույն միջոցառումն իրականացնելը որևէ իմաստ չուներ: Ես ավելի բարձր կարծիք ունեմ իշխանությունների մասին՝ այն առումով, որ իրենք շատ լավ հասկանում են՝ որն է պետության շահը, որն է անձնական շահը, շատ լավ կարողանում են դրանք տարբերակել: Այս պահին ուղղակի իրենց ձեռնտու էր կուսակցական և անձնական շահը, և այդ առաջարկները չընդունվեցին: Դրա համար չեմ կարծում, որ ևս մեկ անգամ անհրաժեշտ էր մասնակցել: Եթե նախորդ տարի ներկայացրած մեր առաջարկներն ընդունվեին, իրավիճակը բոլորովին այլ կարող էր լինել երկրում, բայց չընդունվեցին»:

Ա. Մարտիրոսյանը նշեց, որ իրենք դեմ են սահմանադրական բարեփոխումներին և եթե հնարավորություն լինի միասնական ճակատով մասնակցել, ինչը ցանկանում են, ապա գործընկեր քաղաքական ուժերի և քաղաքացիական նախաձեռնությունների հետ միասնաբար կփորձեն կանգնեցնել այդ գործընթացը, որովհետև ըստ նրա՝ դա Հայաստանի համար նոր մարտահրավերներ ստեղծող գործընթաց է, որն անընդունելի:
Հարցին՝ արդյո՞ք դա նշանակում է, որ միանալու են «ոչ»-ի շարժմանը, նա պատասխանեց. «Դեռ ամիսներ առաջ ենք հայտարարել, որ անհրաժեշտ է միասնական ճակատ ստեղծել, միասնական պայքարել, ուստի, եթե միասնական պայքարելու հնարավորությունը լինի, մենք միայն կողջունենք»:

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս