«Այս տարի ծովի բացակայությունից ընդհանրապես չնեղվեցինք». Մերի Ներսիսյան
Հանրային հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակվող «Մայրիկների ակումբ» հաղորդման հեղինակ և վարող Մերի Ներսիսյանը 168.am-ի հետ զրույցում նշում է, թե իրականում որքա՞ն հետաքրքիր կարող է լինել հանգիստը հայրենիքում:
– Մերի, որտե՞ղ եք այս տարի անցկացրել Ձեր ամառային հանգիստը:
– Մենք ընտանիքով խենթանում ենք ամառային հանգստի համար: Ամբողջ տարին սպասում ենք ամռան գալուն: Այս տարի որոշեցինք այն անցկացնել Հայաստանում՝ շրջապատված կանաչով: Ու ստացվեց 12 անմոռանալի ուրախ, խաղաղ օրեր:
– Որո՞նք էին ամենատպավորիչ պահերը:
– Այս տարի հանգիստը բաժանել էինք երկու մասի: Առաջին 6 օրն անցկացրեցինք Լոռու մարզում, քանի որ որոշել էինք տեսնել տարածաշրջանի բոլոր ամենակարևոր կոթողները: Եվ մեզ մոտ դա ստացվեց, ինչի համար և շատ ուրախ ենք, քանի որ աշխատանքը երբեմն թույլ չի տալիս վերցնել դադար և շրջել Հայաստանով: Ըստ իս՝ դա անհրաժեշտություն է: Հետո արդեն մեր հանգիստը շարունակեցինք Դիլիջանում:
– Որքանո՞վ ծովի բացակայությունն ազդեց Ձեր հանգստի «տրամադրությանը»:
– Ամուսինս՝ Գոռն, ու մեր դուստրը՝ Էվան, խենթանում են ջրի համար: Եթե հանգիստ, ապա՝ ջուր: Մենք ծովափնյա հանգիստ շատ ենք սիրում: Բայց այս տարի ծովի բացակայությունից ընդհանրապես չնեղվեցինք: Երկու հյուրանոցում էլ կային լողավազաններ և մենք «ջրի պակաս» ընդհանրապես չզգացինք:
– Ի՞նչ հետաքրքիր նորություններ են սպասվում Ձեր հեղինակային «Մայրիկների ակումբ» հաղորդման հեռուստադիտողներին՝ արդեն նոր եթերաշրջանում:
– «Մայրիկների ակումբի» նոր թողարկումները եթերում կլինեն արդեն սեպտեմբերի 7-ից: Մենք բազմաթիվ նորություններ ենք պատրաստել մեր հեռուստադիտողների համար: Կազմավորել ենք հղի կանանց ակումբ, որի անդամները հնարավորություն կստանան ժամանակ առ ժամանակ մասնակցելու ոլորտի լավագույն մասնագետների հետ հանդիպումներին: Անդամակցությունը, բնականաբար, անվճար է: Սկսում ենք նոր խորագրեր, որոնք վերաբերելու են հաշմանդամություն ունեցող երեխաներին և կլինեն առանձին պատմություններ՝ ոլորտին առնչվող թեմաներով: