
«Նախագահի հետ հանդիպած քաղաքական ուժերի մեծամասնությունը դրական է գնահատել խորհրդարանական ընտրակարգին անցնելու գաղափարը». ՀՀԿ խոսնակ

«ՀՀԿ ԳՄ նիստում հիմնականում քննարկվեցին ներքաղաքական խնդիրներ, իսկ դուք գիտեք, որ ՀՀ ներքաղաքական օրակարգի հիմնական հարցը դա սպասվելիք սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն է, սահմանադրական նոր փաթեթն է, որը ներկայացվել է Ազգային ժողով: ՀՀԿ նախագահը ներկայացրել է իր հանդիպումների ընթացքը տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ:
Հիմնականում կա փոխըմբռնում, սահմանադրական նոր նախագիծը քննարկումների երկրորդ փուլն է թևակոխում, որին մասնակցում են քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչներ: Բնականաբար, կարող են լինել տարբեր կարծիքներ, և դա բնական է, որ մայր օրենքը պետք է քննարկվի՝ հաշվի առնելով տարբեր ուժերի կարծիքներն ու առաջարկները»,- քիչ առաջ ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Ըստ նրա՝ Սահմանադրության նոր փաթեթի շուրջ քննարկում է եղել նաև ՀՀԿ-ում, ներկայացվել են 50-ից ավելի առաջարկներ. «Նաև Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչները փաստեցին, միջանկյալ այս փուլում սահմանադրական նոր փաթեթը համապատասխանում է ժողովրդավարության չափանիշներին և բխում է ժողովրդավարության զարգացման մեր տեսլականից»,-ասաց Շարմազանովը:
Է. Շարմազանովը կարևորեց, որ քաղաքական ուժերը, որոնք ծանոթ չէին փոփոխությունների էությանը, այսօր մասնակցում են և սա խոսում է այն մասին, որ ՀՀ քաղաքական դաշտի աշնանային օրակարգի թիվ մեկ հարցը սահմանադրական բարեփոխումներն են:
Դիտարկմանը, որ ՀՀ նախագահի հետ հանդիպումը մերժել են Հայ ազգային կոնգրեսը՝ ՀԱԿ-ը ու «Ժառանգությունը», Է. Շարմազանովը հայտարարեց, թե յուրաքանչյուր քաղաքական կուսակցություն ինքն է որոշում մասնակցե՞լ, թե՞ չմասնացկել: Նա նշեց, որ հարգանքով է վերաբերվում ՀՀ բոլոր քաղաքական ուժերին, բայց դասական առումով կուսակցություն՝ նշվածներին վերապահումով կարելի է անվանել:
Շարմազանովը նշեց, որ «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը դրական է խոսել սահմանադրական փաթեթի մասին, խմբակցության անդամներ Ալեքսանդր Արզումանյանը և Խաչատուր Քոքոբելյանը հանդիպել են նախագահին, այսինքն՝ խմբակցության երկու անդամ գնացել են քննարկումների, այսինքն՝ խորհդարանական ուժերի մեծամասնությունը գնացել է քննարկումների:
Անդրադառնալով ՀԱԿ-ին՝ ՀՀԿ խոսնակը հայտարարեց. «Յուրաքանչյուր քաղաքական ուժ պետք է ունենա երկու գործառույթ՝ մասնակցի ընտրություններին և քաղաքական դեբատներին, որոնց ՀԱԿ-ը չի մասնակցում, և եթե քաղաքական ուժը այդ երկուսին չի մասնակցում, ապա արդյո՞ք դա քաղաքական ուժ է»,-ասաց Շարմազանովը:
«Նախագահի հետ հանդիպած քաղաքական ուժերի մեծամասնությունը դրական է գնահատել խորհրդարանական ընտրակարգին անցնելու գաղափարը: Այն դրված է եղել տարբեր ուժերի քաղաքական օրակարգում և զարմանալի կլիներ, եթե այդ ուժերը հրաժարվեին դրանից»,- ասաց ՀՀԿ խոսնակը: