Բաժիններ՝

«Դրամի արժեզրկումն անխուսափելի է». Վարդան Բոստանջյան

«20-րդ դարի վերջին ու 21-րդ դարի սկզբին բացասական բնույթի զարգացումներն ակնհայտ են դարձել, Արևելք-Արևմուտք հակամարտությունն ուժգնացել է, այս ամենի արդյունքում՝ կան բազմաթիվ ֆինանսական ու տնտեսական խախտումներ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտնեց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Վարդան Բոստանջյանը:

Նրա խոսքով՝ մեր երկիրը, լինելով ոչ մեծ, չունենալով ստրատեգիական բնույթի պլյուսներ, ուղղակիորեն ու մեծապես վնասներ է կրում այդ տատանումներից. «ՀՀ-ում մենք ունենք երկու տրիլիոն դրամի վարկային պորտֆել, և հարց է առաջանում` ինչի՞ համար է դոլար պահվում, եթե դրամն է մեր արժույթը: Որոշակի թվով մարդկանց համար ինչ-որ առումով շահավետ են դոլարային անցումները, դոլարիզացվածությունը: Հայաստանը, ուզի, թե չուզի, իր կապերն իրականացնում է ՌԴ-ի միջոցով, և Ռուսաստանի վիճակը մեզ վրա ուղիղ ազդեցություն ունի»:

Վ. Բոստանջյանի խոսքով ՝ մեր իշխանություններն ուզում են մի կերպ պահպանել մեր արժույթի փոխարժեքը, բայց ըստ նրա՝ դա արհեստականորեն անելը ճիշտ չէ:

«Դրամի արժեզրկումն անխուսափելի է: Միայն Կենտրոնական բանկը չի կարող իր գործիքակազմով այս տատանումները չեզոքացնել: Ամբողջությամբ չեն կարող իրենց վրա վերցնել այդ պատասխանատվությունը»,- նշեց տնտեսագետը:

Հարցին՝ եթե մենք ունենք այսպիսի խոցելի տնտեսություն, ԵՏՄ-ում միասնական արժույթի անցնելու պարագայում՝ այդ խոշոր խաղի մեջ մենք տեղ ունե՞նք, թե՞ ոչ, տնտեսագետն այսպես պատասխանեց. «Հայաստանը, լինելով փոքր երկիր, մաքսիմալ պետք է այդ հզորների պայքարի արանքում աշխատի, որ բախումների տակ չընկնի ու իր թեկուզ  փոքր ռեսուրսները ռացիոնալ օգտագործի: Մենք հայտնվել ենք արդեն ՌԴ-ի ազդեցության տակ՝ ի դեմ ԵՏՄ-ի, և ինչո՞ւ, օրինակ, ԵՄ-ի կտրվածքով 28 երկրների պարագայում միասնական արժույթի առկայության երևութը մենք շատ բնական ենք համարում, այսինքն՝ ցանկացած տնտեսական միության մեջ միասնական արժույթ ունենալու գործոնը դատապարտելի մի բան չի կարող լինել: Կիսաուրախները կամ կիսաքաղցածներն ասում են՝ տեսաք ԵՏՄ-ն և այլն… Այո, այստեղ կան մութ ուժեր, որոնք այս պրոցեսին խանգարում են, ու ստացվում է` ԵՏՄ-ի ռեժիմը միամիտների ու չհասկացողների համար կարող է ներկայանալ որպես վատ ինստիտուտ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս