Բաժիններ՝

Հայաստանի բարձր վարկանիշը միջազգային ցուցակում. իրականությո՞ւն թե՞ տպավորություն

Աշխարհի 152 երկրների «Մարդու ազատության ցուցանիշի» վերջին զեկույցում Հայաստանին զարմանալիորեն բարձր վարկանիշ է տրվել: Ուսումնասիրությունը համատեղ իրականացվել է Վաշինգտոնի Կատոյի ինստիտուտի, Վանկուվերի Ֆրեյզերի ինստիտուտի և Բեռլինի Ֆրիդրիխ Նաումանի անվան հանուն ազատության հիմնադրամի կողմից: 108 էջանոց համապարփակ զեկույցը երկրները դասում է ըստ քաղաքացիների անհատական, քաղաքացիական և տնտեսական ազատությունների:

Դասակարգումը հիմնված է 76 տարբեր ցուցանիշների վրա՝ խմբավորված 12 անվանակարգերում.

  • օրենքի գերակայություն,
  • ապահովություն և անվտանգություն,
  • շարժում,
  • կրոն,
  • միություն, հավաք և քաղաքացիական հասարակություն,
  • արտահայտություն,
  • կառավարության մեծությունը,
  • իրավական համակարգ և սեփականության իրավունք,
  • դրամական միջոցների մատչելիություն,
  • միջազգային առևտրի ազատություն,
  • վարկային, աշխատանքային և բիզնես օրենսդրություն:

Ըստ «Մարդու ազատության ցուցանիշի»՝ աշխարհի տասը լավագույն երկրների թվում են Հոնկոնգը, Շվեյցարիան, Ֆինլանդիան, Դանիան, Նոր Զելանդիան, Կանադան, Ավստրալիան, Իռլանդիան, Անգլիան և Շվեդիան: Միացյալ Նահանգները 20-րդ տեղում է:

Անցյալ շաբաթ հրապարակված 2012 թվականի տվյալների համաձայն՝ Հայաստանը աշխարհում 53-րդն է, ավելի բարձր, քան նրա հարևաններից շատերը՝ Ադրբեջանը (126-րդ), Թուրքիան (62-րդ), Իրանը (152-րդ), և մի փոքր զիջում է Վրաստանին (48-րդ):

Կարդացեք նաև

Հայաստանի տպավորիչ վարկանիշը բացահայտում է ավելի ապշեցուցիչ գնահատական, երբ նայում ես այդ դասակարգման երկու հիմնական բաղադրիչներին. Հայաստանն աշխարհում զբաղեցնում է 17-րդ տեղը տնտեսական ազատության, և 70-րդը՝ անձի ազատության ցուցանիշներում…

Հայաստանի վարկանիշը ես «զարմանալի» որակեցի այն պատճառով, որ ժողովրդի մեծ մասը հավանաբար չէր ակնկալում նման բարձր գնահատական, հաշվի առնելով ղեկավարության նկատմամբ մշտական քննադատությունը, ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրսում: Չնայած ճիշտ է, որ Հայաստանի կառավարությունը բազմաթիվ թերություններ ունի և արժանի է քննադատության, սակայն պետք է ընդունել, որ իշխանությունները ինչ-որ բան ճիշտ են արել Հայաստանի համար, որն իր վարկանիշով «Մարդու ազատության ցուցանիշով» գերազանցել է այնպիսի ազդեցիկ երկրների, ինչպիսիք են Արգենտինան, Բրազիլիան, Չինաստանը, Եգիպտոսը, Հնդկաստանը, Իրանը, Քուվեյթը, Մեքսիկան, Կատարը, Ռուսաստանը, Սաուդյան Արաբիան, Թուրքիան, Ուկրաինան և Վենեսուելան:

Ժողովրդի կողմից Հայաստանի ընկալման և իրականության միջև առկա այս հակասության հավանական  բացատրությունն այն է, որ Հայաստանի պաշտոնյաները վատ աշխատանք են տարել երկրի ձեռքբերումները գովազդելու համար: Հակառակ դեպքում, շատ հայեր այսպիսի բացասական տպավորություն չէին ունենա իրենց հայրենիքի մասին:

Այս միտքը պարզաբանելու համար վերցնենք Սինգապուրը, մի երկիր, որը հաջողությամբ գովազդում է իր նվաճումները և բարձր է գնահատվում ամբողջ աշխարհում որպես լավ կառավարման, արագ տնտեսական զարգացման և բարեկեցիկ կենսապայմանների նախատիպ: Չնայած կասկածից վեր է, որ այս «ասիական վագրը» ձեռքբերումների տպավորիչ ռեկորդ է սահմանել, սակայն զարմանալի է, որ Սինգապուրը վարկանիշային ցուցանիշով աշխարհում զբաղեցնում է 43-րդ տեղը՝ ընդամենը 10 նիշով առաջ անցնելով Հայաստանից «Մարդու ազատության ցուցանիշում»: Եթե ուշադրություն դարձնենք Սինգապուրի շուրջ ստեղծված աղմուկին, ապա կարելի էր ենթադրել, որ այդ երկիրը պետք է տեղ զբաղեցներ լավագույն տասնյակում, իսկ Հայաստանը լիներ 100-րդը, հաշվի առնելով վերջինիս հասցեին մշտապես հնչող քննադատությունը:

Ինչպես ասում են «տպավորությունը իրականություն է»:  Ըստ էության, տպավորությունը շատ ավելի կարևոր է, քան իրականությունը, քանի որ մարդիկ ամեն ինչի մասին դատում են իրենց սեփական տպավորությունների հիման վրա, անկախ նրանից, թե դրանք որքան են տարբերվում իրականությունից: Օրինակ, վերջին տարիներին Հայաստանը մի շարք միջազգային զեկույցներում շատ բարձր տեղեր է զբաղեցրել, քան սպասվում էր: Սակայն, Հայաստանի կառավարությունը երբեք չի գովազդել այս կարևոր վարկանիշները, դրանով իսկ ձախողելով երկրի համար դրական իմիջի ստեղծումը, որը կարող էր գրավիչ լինել օտարերկրյա զբոսաշրջիկների և ներդրողների համար:

Հետաքրքիր է, որ Հայաստանից շատ ավելի բարեկեցիկ երկրներ հետ են մնացել «Մարդու ազատության ցուցանիշում», ինչը կարող է նշանակել, որ երկրի հարստությունը, Ադրբեջանի դեպքում՝ նավթի բազմամիլիարդանոց եկամուտները, բարեկեցություն կամ ազատություն չեն երաշխավորում իրենց քաղաքացիների համար…

Սակայն, հաշվի առնելով Հայաստանի համեմատաբար բարձր վարկանիշը, նրա ղեկավարությունը այլևս չի կարող արդարանալ, թե երկրի զարգացումը կաղում է ֆինանսական և բնական պաշարների սահմանափակության պատճառով: Ամեն ինչ կախված չէ փողից: Քանի որ Հայաստանը տնտեսական ազատության ցուցանիշով զբաղեցնում է 17-րդ տեղը, ապա արդարացում չի կարող լինել անձի ազատության ցուցանիշով 70-րդ տեղը զբաղեցնելու համար: Վերջին ցուցանիշը կարող է մեծապես բարելավվել պետության կողմից առանց մեկ դրամ ծախսելու: Միայն անհրաժեշտ են հոգատար պետական պաշտոնյաներ, որոնք հանձնառու կլինեն բարելավելու ժողովրդի բարեկեցությունը:

Հայաստանի ղեկավարության ամենամեծ դեֆիցիտը ոչ թե ֆինանսական միջոցների, այլ հասարակության վստահության պակասն է: Իշխանությունները կարող են վերականգնել քաղաքացիների վստահությունը ջանադրաբար աշխատելով, որպեսզի կարողանան բարելավել նրանց կենսապայմանները, և միայն դրանից հետո հասարակության դրական ընկալումը կհամապատասխանի Հայաստանի համաշխարհային վարկանիշի իրականությանը:

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս