«Պատրաստ եմ այդ թուղթը բոլորի ներկայությամբ ուտել». Վարդան Այվազյան
Հայկական և վրացական մամուլում հրապարակումներ էին տարածվել, որ Սամցխե-Ջավախքի Տաբածղուր գյուղի բնակիչներն իրենց խնդիրների մեջ մեղադրում են ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Այվազյանին, ում հիմնադրած «Լճեր» ընկերությունը լճում ձուկ որսալու արտոնագիր ունի: Գյուղացիները դատի էին տվել «Լճեր» ընկերությանը՝ պահանջելով իրենց տրամադրել Տաբածղուր լձում ձուկ որսալու առաջնային իրավունքը, սակայն պարտվել էին:
Այսօրվա ասուլիսին Վարդան Այվազյանն ասաց, որ լիճը վերցված է վարձակալությամբ՝ ոչ թե իր, այլ իր «մոտիկների» կողմից. «Լճի միջի ամբողջ բարիքը պատկանում է տվյալ գյուղին: Հայտարարել եմ մեկ ու կես ամիս առաջ վրացական հեռուստատեսությամբ, թերթերին, հայտարարում եմ նորից՝ այստեղ: Նրանց խնդիրն է՝ գյուղացիներին ունազրկել և պարտքերի տակ գցել: Փորձ են անում լիճը մեզնից վերցնել: Չեն կարողանո՞ւմ մարսել, որ արդարադատության համակարգն իմ կողմից է. Վրաստանի դատարանում հաղթում եմ, Ամերիկայի դատարանում հաղթում եմ, միայն թերթերին չեմ կարողանում հաղթել, ու ոչ թե թերթերին, այլ՝ կոնկրետ մի քանիսին: Թող ինձ ցույց տան գյուղից մեկ բնակչի դիմում, որ ինքը խնդրել ա ձուկ որսալ, իրեն մերժել են, պատրաստ եմ այդ թուղթը բոլորի ներկայությամբ ուտել:
50 տոկոսը բռնողինն է, 50 տոկոսը ամբողջ այդ ռայոնի սոցիալ-տնտեսական խնդիրները լուծելուն է գնում: Այս ամենի հետևում վրացական իշխանությունները չեն, այստեղ կան ոմանց անձնական շահերը: Եթե անհրաժեշտություն կա՝ կարող եմ ավելի շատ մանրամասներ ասել, պատրաստ եմ ցանկացածի հետ գալ այստեղ՝ նստել, խոսել»: