Վարդան Այվազյանը՝ իրեն հասցեագրված մեղադրանքների մասին
Սամցխե-Ջավախքի Տաբածղուր գյուղում անցած գիշեր լարված իրավիճակ է եղել՝ ոստիկանները ձերբակալ են լճում ձուկ որսացող գյուղացիներին: Բնակիչներն իրենց խնդիրների մեջ մեղադրում են ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Այվազյանին, ում հիմնադրած «Լճեր» ընկերությունն լճում ձուկ որսալու արտոնագիր ունի: Գյուղացիները դատի էին տվել «Լճեր» ընկերությանը՝ պահանջելով իրենց տրամադրել Տաբածղուր լձում ձուկ որսալու առաջնային իրավունքը, սակայն պարտվել են: Լճի համար պայքարը շարունակվում է:
Վարդան Այվազյանը 168.am-ի հետ զրույցում հայտարարեց, թե գյուղի բնակիչների գործն է, թե ում կմեղադրեն:
«Կարող եմ միայն մի բան ասել, որ ես բացարձակապես լրատվությունից եմ իմացել: Եթե իմ օգնության կարիքը կա, կարող եմ օգնել»,- ասաց Վ.Այվազյանը:
Նա նշեց, որ լիճը մրցույթով է տրված եղել վարձակալության, և «Լճեր» կազմակերպությունը վարձակալել է այն. «Ես դրա հետ բացարձակապես կապ չունեմ, դա եղել ա 2010 թվականին»,- հավաստիացրեց Վ.Այվազյանը:
Գյուղացիների պահանջը, որ իրենք էլ լճում ձկնորսության իրավունք ունենան, Վ.Այվազյանի կարծիքով արդարացի է և միանշանակ հարցին լուծում կա. «Ցանկացած գյուղացի կարող է մտնել, ինքը իր համար, համապատասախան կարգով ձուկն էլ բռնել, վարձատրությունն էլ ստանալ: Դա տենց ա, չէ՞, ինչքան գիտեմ օրենքը: Լիճն օգտագործելու իրավունքը միայն այդ ընկերությանը չի տրված»:
Դիտարկմանը, որ փաստորեն ոստիկանների գործողությունները իրավաչա՞փ չեն եղել, ՀՀ ԱԺ պատգամավորը պատասխանեց. «Ես ստեղ, իրենք՝ էնտեղ, ո՞նց կարող եմ ասել՝ իրավաչափ ա եղել, իրավաչափ չի եղել, շատ են ասել, շատ չեն ասել: Ասում են՝ վրաց իշխանություների երկրում լիճն ա, իրանց երկրում քայլերի են գնում: Բայց իմ հայրենի գյուղն ա, ինչ-որ բանով պետք ա օգնելու, պատրաստ եմ աջակցել»: