
«Ո՛չ թալանին» նախաձեռնության ակցիան լինելու է՝ անկախ նրանից, որ ոստիկանին զրկել են իր լիազորություններից

Թեև երեկ «Ոտքի՛ Հայաստան» նախաձեռնության կազմակերպած հավաքի ժամանակ տարեց մարդուն հարվածած ոստիկանին այսօր զրկել են լիազորություններից, «Ո’չ Թալանին» նախաձեռնությունը անելու է իր բողոքի ակցիան ՀՀ Ոստիկանության գլխավոր վարչության շենքի մոտ: Այս մասին 168.am-ին հայտնեց «Ո՛չ թալանին» նախաձեռնության համակարգող խմբի անդամ Մաքսիմ Սարգսյանը:
Հիշեցնենք, որ նախաձեռնությունը հայտարարություն էր տարածել, որ այսօր ժամը 19։00-ին ՀՀ Ոստիկանության գլխավոր վարչության շենքի մոտ բողոքի ակցիա է իրականացնելու՝ պահանջելով պատժել օգոստոսի 21-ի դեպքերի ժամանակ տարեց մարդուն ապտակած «սրիկա» ոստիկանին։
«Ոստիկանը պետք է հրապարակավ ներողություն խնդրի ոչ միայն պապիկից, այլև այն երիտասարդից, որին ապտակում է փողոցում նստած ժամանակ: Չգիտեմ՝ ինքն անձամբ իր վրա կվերցնի, թե ոստիկանությունն իր վրա կվերցնի, բայց պետք է նաև պապիկի լսողական ապարատը վերականգնեն, որովհետև այդ ապտակից դա էլ է կոտրվել»,- ասաց Մ. Սարգսյանը:
Հարցին՝ ոստիկանին լիազորություններից զրկելը ոչ մի ձևով չի՞ անդրադառնալու այս հավաքի լինել-չլինելու վրա, Մ. Սարգսյանը պատասխանեց՝ «բնականաբար» չի ազդելու. «Որովհետև նախկինում արդեն ունենք փորձ, որ հայտարարվել է, որ ոստիկանների լիազորությունները կասեցվում են, անգամ եղել է դեպք Կոմիտաս 5-ի դեպքերի ժամանակ, որ հայտարարեցին, որ աղջկա վիզը համբուրած ոստիկանին հեռացրել են աշխատանքից, բայց մի քանի ամիս անց անձամբ ես տեսա նրան ոստիկանական համազգեստով՝ նորից համակարգում աշխատելիս: Այսինքն՝ այն, որ հայտարարվել է, որ լիազորությունները կասեցվել է, դա որևէ վստահություն չի ներշնչում, որ այդ ոստիկանը կպատժվի և համակարգից դուրս կգա, ու բնականաբար ակցիան տեղի է ունենալու»:
Մաքսիմի խոսքով՝ այն, որ հավաքը լինելու է, դա միանշանակ է, բայց թե ինչ կլինի հավաքի ժամանակ, բոլորը կտեսնեն: