
15 միլիոն ֆունտ ստեռլինգ ՝ Մխիթարյանի համար

Telegraph-ը՝ հղում անելով Daily Express-ին, տեղեկացնում է, որ «Լիվերպուլը» 15 միլիոն ֆունտ ստեռլինգ է առաջարկել հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի համար: Պաշտոնական առաջարկի դեպքում՝ «Լիվերպուլը» անձնական պայմանները կքննարկի Մխիթարյանի ներկայացուցիչների հետ:
«Հենրիխը ցանկանում է մրցաշրջանի ավարտին հեռանալ Դորտմունդից: Մենք պետք է սպասենք և տեսնենք, թե ինչ կարող ենք անել»,- տրանսֆերային պատուհանի բացումից մի քանի շաբաթ անց հայտարարել էր Հենրիխի գործակալ Մինո Ռայոլան: Հիմա խոսակցություններն ավելի են տարածվում: Պատճառներից մեկը նաև Մխիթարյանի շատ հաջող խաղն էր մրցաշրջանի մեկնարկում:
Անգլիական մամուլում անգամ տեղեկություն տարածվեց, որ Մխիթարյանի գործակալը արդեն պայմանավորվել է անգլիական ակումբի հետ, և Հենրիխը մի քանի օրում կտեղափոխվի Գերմանիայից Անգլիա:
Սիրարփի Աղաբաբյան