Կմասնակցի՞, արդյոք, «Ժառանգությունը» սահմանադրական բարեփոխումների քննարկումներին
Երեկ ՀՀԿ ԳՄ նիստից հետո կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ օգոստոս-սեպտեմբեր ամիսներին նախատեսնում են խորհրդակցություններ անցկացնեն քաղաքական ուժերի հետ սահմանդրական բարեփոխումների հարցի շուրջ: 168.am-ը «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանից հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է «Ժառանգությունն» էլ մասնակցի այդ խորհրդակցություններին: Ի պատասխան մեր հարցին՝ Ա. Մարտիրոսյանն ասաց, որ այս պահին ինքը «Ժառանգության» անունից չի խոսի, որովհետև իրենք նմանատիպ հարց չեն քննարկել, քննարկում են այն դեպքում, երբ «քննարկելու նյութ կա, երբ հրավեր չի եղել, ի՞նչը քննարկեն»:
«Իսկ իմ անձնական կարծիքն այն է, որ նմանատիպ խորհրդակցության իմաստն ուղղակի այլևս չկա, մենք նույնիսկ ընդդեմ շատ մեծ ճնշումների՝ մասնակցեցինք այդ քննարկմանը, որպեսզի մեր մոտեցումները ներկայացնենք ևս մեկ անգամ, բայց դրանցից որևէ մեկը չընդունվեց, երկրոդ անգամ հանդիպման իմաստը չեմ տեսնում»,-ասաց մեր զրուցակիցը:
Մեր այն հարցին էլ՝ հնարավո՞ր է իրենք մասնակցեն ՀԱԿ-ի նախաձեռնած «ոչ»-ի շարժմանը կամ իրենց սեփական պայքարը սկսեն սահմանադրական բարեփոխումների դեմ, Ա. Մարտիրոսյանն այսպես պատասխանեց. «Մենք որևէ մեկին միանալու խնդիր չունենք, բայց ունենք խնդիր բոլորով միասնական պայքարելու: Ես այն կարծիքն եմ հայտնել, որ ընդդիմադիր ուժերը՝ թե՛ խորհրդարանում, թե՛ խորհրդարանից դուրս, քաղաքացիական դաշտի ներկայացուցիչները պետք է ներքին փակ քննարկումներ անցկացնեն, որից հետո միասնական գործողություններ իրականցնեն, ես այսպիսի միասնական գործողությունների կողմնակից եմ»: