
Մեխիկոյում հայտնաբերվել է մարդկային գանգերից կառուցված պատ

Մեխիկոյի պատմական կենտրոնում հնագետները հայտնաբերել են ացտեկների կայսրության ժամանակների մարդկային գանգերից կառուցված պատ, հայտնում է Մեքսիկայի հնագիտության ու պատմության ազգային ինստիտուտը:
Պատի բարձրությունը ավելի քան 24 մետր է: Այն հայտնաբերվել է Գվատեմալա փողոցում երկու մետր խորության վրա: Որպես շինանյութ, բացի շինության կենտրանական հատվածում 45 սմ բարձրությամբ շրջանաձև շարված մարդկային գանգերից, օգտագործվել է նաև ավազի, հրաբխային մանրախճի ու կրի խառնուրդ:
Պատը թվագրվում է XV դարի վերջին, XVI դարի սկզբին ու ացտեկների լեզվով կոչվում է «ցոմպանտլի»: Գիտնականները ենթադրում են, որ պատը ացտեկների մայրաքաղաք Տենոչտիտլանի մեծ պատի մասն է:
Այս պահի դրությամբ հնագետները հայտնաբերել են 35 գանգ, սակայն ենթադրում են, որ դրանց թիվն անհեմամատ շատ է եղել:
Գանգերի մեծ մասը պատկանել է երիտասարդ տղամարդկանց, սակայն հանդիպում են նաև կանանց ու երեխաների ոսկորներ:
Գիտնականները ենթադրում են, որ գանգերի մեծ մասը պատկանել է ացտեկների թշնամիներին, ովքեր զոհաբերվել էին ու գլխատվել: