Հայաստանը գտնվում է Իսլամական պետության գործողությունների շառավղում. Արման Նավասարդյան
«Եթե վերլուծելու լինենք Հայաստանի արտաքին և ներքին քաղաքականությունը, ապա պետք է նայենք ոչ թե՝ որպես կովկասյան կամ մերձավորարևելյան, այլ՝ մեծ մերձավորարևելյան պետություն, որը գտնվում է Իսլամական պետության գործողությունների շառավղում. սա շատ վտանգավոր է: Մերձավոր Արևելքում հաջորդ վտանգը սպառնում է Լիբանանին և Հորդանանին, բոլոր երկրներն էլ դատապարտված են, իսկ թե այդ իրավիճակում ինչ կլինի Հայաստանի հետ, դժվարանում եմ ասել: Համենայնդեպս, և՛ ամերիկացիները, և՛ ռուսները, չնայած իրենց հակամարտություններին, կարծես թե բարդացնելու և խճճելու միտում չունեն»,- այսօրվա ասուլիսին ասաց Ռուս-հայկական համալսարանի համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:
Բայց նա ռեալ չհամարեց ԻԼԻՊ-ը ոչնչացնելու համար ստեղծված կոալիցիան, որովհետև դրա անդամները ներսում կռվում են իրար դեմ. «Իսլամական պետությունը ստեղծողներից մեկը Թուրքիան է: Իսկ որ իսլամիստներն ուզում են առաջ գնալ և կգնան, փաստ է: Ռուսաստանի և Իրանի հետ Հայաստանի միասնությունը պետք է լինի իսլամական գործոնի դեմ:
Քրդական ամբողջ խնդրի հետևում կանգնած է ԱՄՆ-ը, որին պետք է քրդական մի պետություն, որը լինի նախ՝ իր դրածոն, պետք է լինի ուժեղ և հնազանդ. դա կարող է լինել Քրդստանը, որն իր տակ կճզմի Թուրքիային: Կա Սևրի պայմանագիր, որով ասվում է, որ Քրդստանն իրավունք ունի ստեղծել ավտոնոմիա՝ Հայաստանի սահմաններից հարավ ընկած տարածքներում, սա հետաքրքիր պահ է, որ զուգահեռ է անցկացնում քրդերի և հայերի մեջ: Եթե նման բան լինի, և հարց դրվի Թուրքիայի հետ ավտոնոմիզացիայի, դա կվերջանա Թուրքիայի քայքայումով: Եթե նման բան լինի, ապա Թուրքիան ավելի հաճույքով կգնա Հայաստանի հետ բանակցությունների, քան՝ քրդերի»: