«Ես երեկ անչափ հուզվել էի, երբ Սերժ Սարգսյանն ասաց, որ այդ երկու դեպքերը լինելու են իր ուշադրության կենտրոնում». Արամ Մանուկյան

Ինչպես հայտնի է, «Էյր Արմենիա» ավիաընկերության 51 տոկոսի սեփականատեր և տնօրեն Արսեն Ավետիսյանին ծեծի էին ենթարկել, և իր կինը հայտարարել էր, որ ամուսնուն ծեծել են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի թիկնապահները՝ 7-8 հոգով, մեծ թվով մարդկանց ներկայությամբ: Իսկ երեկ Արսեն Ավետիսյանը հայտարարեց, որ պատրաստ է ընդունել հաշտության առաջարկը և միջադեպի հետ կապված բողոք չի ներկայացնելու:

Օրերս նաև «Ներազգային ազատագրական շարժում» նախաձեռնության ղեկավար Վահան Մարտիրոսյանը հաստատեց, որ իրեն և իր կնոջն իրենց տանը օգոստոսի 15-ին երեկոյան ծեծի են ենթարկել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի մտերիմներն ու թիկնազորի ներկայացուցիչները:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը հրաժարվեց մեկնաբանել կատարվածը՝ ասելով, որ «չի իջնի այդ աստիճան». «Ես երեկ անչափ հուզվել էի, երբ Սերժ Սարգսյանն ասաց, որ այդ երկու դեպքերը լինելու են իր ուշադրության կենտրոնում, և ինքը հանձանարարել է մանրամասն ուսումնասիրել այդ դեպքերը»:

Անդրադառնալով նրան, որ Արսեն Ավետիսյանը հրաժարվել է բողոք ներկայացնել կատարավածի հետ կապված՝ Ա. Մանուկյանն ասաց, որ եթե ինքը ներդրող լիներ, ոչ մի լումա ներդրում չէր անի Ա. Ավետիսյանի բիզնեսի մեջ. «Ասում է՝ ես չեմ բողոքում, քանի որ բողոքեմ, ներդրումները կքչանան: Ես եթե ներդրող լինեի, այսպիսի մարդու մոտ մի դրամ ներդրում չէի անի, որին ծեծում են, որին առևանգում են, և ինքն ասում է, «բայց իմ շահը ներդրումներն են», ես և բոլոր ներդրողները հաստատ այս կարգի մարդկանց մոտ ներդրում չէիք անի»:

 

Տեսանյութեր

Լրահոս