
Գողության դեպք Աբովյանի՝ 261 համարի երթուղայինում

Այսօր Աբովյան-Երևան 261 համարի երթուղայինում գողության դեպք տեղի ունեցավ: Հերացի փողոցում ավտոբուսը կանգնեցրին երկու քաղաքացիական հանգուստով անձինք, ու խնդրեցին ուղևորներին ստուգել իրենց պայուսակները, քանի որ, նրանց խոսքով՝ ավտոբուսից երկու գրպանահատներ են դուրս եկել: Այդ անձինք չներկայացան, բայց, ըստ երևույթին, ոստիկանության աշխատակիցներ էին:
Թեև այդ պահին ուղևորներն ասացին, որ իրենց մոտ ամեն ինչ նորմալ է, բայց մոտավորապես 10 րոպե հետո մի կին, որը պատրաստվում էր իջնել ավտոբուսից, նկատեց որ իր դրամապանակը չկա: Նրա խոսքով՝ այն պահին, երբ ուղևորներին խնդրեցին ստուգել պայուսակները, ինքը չի պատկերացրել, որ իր դրամապանակը կարող էին տանել, դրա համար չի ստուգել: 168.am-ին նա հայտնեց, որ դրամապանակում կար մոտավորապես 7 հազար դրամ և իր անձնագիրը: Նա պատրաստվում է դիմել ոստիկանություն: