Մասրենի սովորական` Rosa canina

Տերեւաթափ թուփ է` մինչեւ 3 մ բարձրությամբ, կեղեւը կանաչ է կամ կարմրագորշավուն, փշերն ամուր են, նոսր։ Տարածված է ՀՀ Միջին լեռնային գոտում, անտառների եզրերին, թփուտներում։

ՀՀ բնական պայմաններում հանդիպում է Մ. առատափուշ տեսակը, որն ավելի ցածր է (0,75-2 մ) ունի ուղղաձիգ կամ ուղիղ անկյան տակ թեքված դարչնագույն, ամբողջովին փշերով ծածկված ճյուղեր։ Այս տեսակը «բարձրանում» է մինչեւ վերին լեռնային գոտու լանջերը։

Բնության մեջ հանդիպում է մասրենու մոտ 50 տեսակ, որոնցից R. Zangezura տեսակը բնաշխարհիկ (էնդեմիկ) բույս է, բարձրությունը հասնում է 1,2 մ, կեղեւը` կարմիր, պատված կապտավուն մոմաշերտով, ծաղիկի տրամագիծը` 3-4 սմ, պտուղը` մանր։ Անհետացող տեսակ է։ Սյունիքում այս մասրենու ծաղիկով եւ պտուղներով թեյ են պատրաստում։ Օգտագործվում է մշակովի վարդերի պատվաստման համար։

Հայտնի է, որ մասրենին բազմավիտամինային պտուղների մատակարար է, ընդ որում, որքան բարձր է այն աճում, այնքան ավելի շատ են օգտակար նյութերը։ Ծաղիկները հարուստ են բարձրորակ ծաղկափոշով, մեղրի բերքը ցածր է` 20-30 կգ/1 հա։

Կարդացեք նաև

Տերեւը հավաքեք ծաղիկի հետ համատեղ։ Պտուղը` աշնան սկզբից մինչեւ առաջին սառնամանիքները, արմատը` ուշ աշնանը։ Չորացրեք օդափոխվող տեղում, ծածկի տակ։ Արմատը եւ պտուղը պահպանեք` 2, ծաղիկը եւ տերեւը` 1 տարի (փայտե տուփերում կամ թանզիֆե պարկիկում)։ Փոշիացրած պտղամիսը եւ սերմերը պահեք ապակե տարայում։ Պտուղը պարունակում է շաքար, պեկտին, դաբաղանյութ, կիտրոնի եւ խնձորի թթուներ, կվերցետին, կեմպֆերոլ, լիկոպին եւ այլ ֆլավոններ, ենթավիտամին A, տոկոֆերոլներ (E), ասկորբինաթթու (C), B1, B2, K, PP, P վիտամինններ, երկաթ, մարգանեց, ֆոսֆոր, մագնիում, կալցիում։

Մասուրի բուժիչ ազդեցությունը հիմնականում բնորոշվում է ասկորբինաթթվի բարձր պարունակությամբ, որն «հզորանում» է ռուտինի (P) առկայության շնորհիվ։ Ասկորբինաթթուն ունի վերականգնող հատկություններ։

masur1
Ճիշտ հաշվարկված չափաբաժինները բոլորովին անվտանգ են, մեծ չափաբաժինը իջեցնում է դիմադրողականությունը եւ լեյկոցիտների ակտիվությունը, առաջացնում անեմիա։ Երկարատեւ օգտագործումը, բարձր չափաբաժինների դեպքում, բացասական ազդեցություն է ունենում ենթաստամոքսային գեղձի ինսուլին արտադրող b – բջիջների վրա։ Նման դեպքում կարեւոր է վերահսկել շաքարի մակարդակը արյան մեջ։ Հակացուցված է արյան շրջանառության անբավարարության, տրոմբոզի, տրոմբոֆլեբիտի դեպքում։

Գիտական բժշկությունն օգտագործում է մասուրի պտուղը C եւ P ավիտամինոզների դեպքում։ Վիտամին C-ն չի կուտակվում օրգանիզմում, այն պետք է լրացվի սննդի միջոցով։ Մեկ օրվա պահանջը 50 մգ է, ֆիզիկական աշխատանք կատարելու եւ հոգեբանական նյարդային լարվածության իրավիճակներում անհրաժեշտ չափաքանակը 150-250 մգ է։ Ինֆեկցիոն հիվանդությունների, գերհոգնածության ժամանակ օրգանիզմին անհրաժեշտ ասկորբինաթթվի քանակը 300 մգ է։ Բոլոր այս դեպքերում, ինչպես նաեւ` ձմռանը եւ գարնանը անհրաժեշտ է լրացնել «վիտամինային քաղցը» բնական միջոցներով` մասուր, չիչխան, սեւ հաղարջ։ Դեղատներում վաճառվող ասկորբինաթթուն, որը շատերը խմում են բռերով, կարող է անդառնալի վնաս հասցնել լյարդին։

Ընդամենը 10 գ մասուրի չոր պտղի մեջ պարունակվում է առնվազն 100 մգ ասկորբինաթթու։ Ավելացրեք 200 մլ եռջուր, 15 րոպե պահեք եռացող ջրային բաղնիքի վրա, հաճախակի խառնեք, թրմեք 1 օր։ Խմեք 50-100-ական մլ, օրը 2 անգամ` սնվելուց 10-15 րոպե առաջ։

Հիպովիտամինոզ, մրսածություն, ընդհանուր թուլություն. 100 գ մասուրի ծաղկաթերթերը 8-10 ժամ թրմեք ջերմապահում 200 մլ եռջրով։ Խմեք 50-ական մլ, օրը 2-3 անգամ։

Պտղի եփուկն օգտակար է ստամոքսի եւ 12-մատնյա աղիի խոցի, ստամոքսի եւ աղիների բորբոքման, կանացի հիվանդությունների, սակավարյունության, արյան մեջ հեմոգլոբինի ցածր պարունակության, լնդախտի, միզապարկի, երիկամների եւ լյարդի հիվանդությունների, հիպերտոնիայի դեպքում։ Ունի լեղամուղ եւ հակասկլերոտիկ հատկություն, ամրացնում է անոթները, իջեցնում խոլեստերինի մակարդակը։ Մասուրի սերմի թուրմը բուժում է լուծը, ի զորու է կանխելու քարերի առաջացումը երիկամներում։

masur2

  • 10 գրամ սերմի փոշին 2 ժամ թրմեք 200 մլ եռջրում։ Քամեք։ Խմեք 50-ական մլ, օրը 3-4 անգամ։

Պտուղն արագացնում է կոտրված ոսկրերի ապաքինումը, օգտակար է բրոնխների ասթմայով հիվանդներին։

Յուղամզվածքը, որը ստանում են սերմերից, պարունակում է կարոտինոիդներ, տոկոֆերոլներ, հագեցած եւ չհագեցած ճարպեր։ Նախատեսված է արտաքին օգտագործման համար եւ ունի լայն կիրառում` որպես վերքամոքիչ միջոց։

Արմատների եփուկը խորհուրդ է տրվում լյարդի եւ միզաքարային հիվանդությունների, հիպերտոնիայի, միզապարկի բորբոքման բուժման համար։

  • Մանրացրեք 40 գ չորացրած արմատը, ավելացրեք 200 մլ եռջուր, 20-30 րոպե եփեք թույլ կրակի վրա փակ վիճակում, թրմեք 5 ժամ։ Քամեք։ Խմեք 100-ական մլ, օրը 3 անգամ, շարունակեք 7-10 օր։ Կատարեք լոգանք ոտքերի կաթվածի (պարալիչ) դեպքում։

Հոդաբորբ, միզաքարային հիվանդություն. Թարմ արմատը 21 օր թրմեք օղու մեջ (1։5) մութ տեղում։ Խմեք 1-ական ճ/գ, օրը 3 անգամ, սնվելուց առաջ։ Շարունակեք 6-7 շաբաթ, ընդմիջեք 2 շաբաթ։ Կարգավորում է նյութերի փոխանակությունը։ Մասուրի տերեւներում նույնպես բարձր է ասկորբինաթթվի պարունակությունը` թրմեք նույն չափաբաժիններով, ինչ որ պտուղը, ավելացրեք կոմպոտների մեջ։

Օստեոխոնդրոզ. Սերմերից ազատված պտղամիսը 21 օր թրմեք օղու մեջ (1։10) մութ տեղում։ Խմեք 1-ական ճ/գ, օրը 3 անգամ, սնվելուց առաջ։ Օգտակար է նաեւ ռեւմատիզմի, հոդատապի, արթրոզի բուժման համար։ Այս դեպքում խառնեք տարեկանի հացի խմորը եւ մեղրը (1։1)։ Մի քանի կաթիլ ոգեթուրմ կաթեցրեք խմորին, ամրացրեք հոդին։

Հիշողությունը լավացնող. Խառնեք 1-ական թ/գ չորացրած մասուրի պտուղ, վաղենակի ծաղիկ, սրոհունդի եւ մանուշակի խոտերը, 30 րոպե թրմեք 300 մլ եռջրում։ Քամեք։ Խմեք 100-ական մլ, օրը 3 անգամ` 1 թ/գ մեղրով։

Երիկամաբորբ

  • Խառնեք հավասար քանակությամբ վարսակի ձավարը, չորացրած մասուրի պտուղը, ուրցի եւ մատիտեղ թռչնի խոտերը, եղերդակի արմատը։ Հումքի 3 թ/գ-ն 10 րոպե եփեք 400 մլ եռջրում, թրմեք 4 ժամ։ Քամեք։ Խմեք 100-ական մլ, օրը 2 անգամ` սնվելուց առաջ։ Շարունակեք 1 ամիս, անցեք համապատասխան բուժզննում։
  • 5 ճ/գ մասուրի մանրացրած պտուղը խառնեք 1 ճ/գ սոխի կճեպի հետ, 10 րոպե եփեք 500 մլ եռջրում։ Թրմեք 10 ժամ։ Խմեք 100-ական մլ, օրը 3 անգամ` սնվելուց կես ժամ առաջ։

Արյունը մաքրող. Խառնեք 1-ական ճ/գ մասրենու եւ արոսենու պտուղները, թրմեք 200 մլ եռջրում` մինչեւ գոլանալը։ Խմեք օրվա ընթացքում։

Նույն կերպ պատրաստեք մասրենու եւ սեւ հաղարջենու հատապտուղների թուրմը։ Խմեք 100-ական մլ, օրը 3-4 անգամ։

JuloՀ.Գ. Լույս են տեսել հեղինակի «Մոգական բուժարարներ» մատենաշարի թվով 4 գրքույկները: Հիշեցնենք, որ վաճառքում է նաև հեղինակի «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը: Հեղինակի բոլոր գրքերը կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից:

 

Տեսանյութեր

Լրահոս