Բաժիններ՝

Պետք է տուն պահել, գումար վաստակել, իսկ թատրոնում աշխատած 40.000 դրամով այդ ամենն անհնար է. Սարգիս Տաշչյան. Life.panorama.am

Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է դերասան Սարգիս Տաշչյանը, ում հեռուտսադիտողը ճանաչեց եւ սիրեց «Դժվար ապրուստ» հեռուստասերիալի Ժորիկի կերպարով, այսօր նա ներկայանում է «Բախտաբեր» հեռուստասերլիալում՝ կրկին մարնմավորելով լավ եւ նվիրված ընկերոջ:

-Սարգիս, արդեն երկրորդ անգամ դուք ներկայանում եք միեւնույն բնավորությամբ կերպարներում, հետաքրքիր է՝ դա ինչի՞ հետեւանքն է:

– Համաձայն եմ, կերտածս կերպարները իրարից տարբեր լինելով հանդերձ միեւնույն է դրական ֆոնի ներքո են, բայց դա առաջարկի հետեւանքն է: Կոնկրետ ես կերպարային սկզբունքներ չունեմ, ավելին, մտածում եմ, որ առաջարկվող հաջորդ կերպարը, եթե դարձյալ մինչ այս կերտածս կերպարներին նման լինի, հավանաբար կմերժեմ, քանի որ կան չարախոս մարդիկ, ովքեր կկարծեն, թե ես միայն նման դերեր եմ կարողանում կերտել, ինչը չեմ ցանկանա, քանի որ ես ունեմ դերասանական բարձրագույն կրթություն, իսկ դերասանի մասնագիտոթյունը ենթադրում է կերտել ամենատարբեր կերպարներ:

-Ինչ եք կարծում, հեռուստադիտողը Ձեր ո՞ր կերպարն է ավելի սիրում:

– Մինչ այսօր մարդկանց 80 տոկոսը որպես Ժորիկ է ինձ ընկալում, բայց կստեմ՝ ասելով, որ «Բախտաբեր»-ում իմ կերպարը գովասանքի չի արժանանում: Իմ կարծիքով՝ իմ կերպարների կարիքը ժողորվուրդն ունի, շատերը փողոցում մոտենում են ինձ ու ասում, որ կարծես իրենց տան անդամը լինեմ, մեզանում կարոտ կա բարի մարդկանց հանդեպ:

-Սովորել եք Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտո՞ւմ:

– Այո՝ 2003-2007 թթ-ներին սովորել եմ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում, իսկ մինչ այդ՝ 1996-2003 թթ-ները խաղացել եմ КВН-ում, որի շրջնակներում մեծ ձեռքբերումներ ենք ունեցել:

-КВН-ում փորձ ունենալով՝ ապագայում հումորային դաշտում չեք շարունակել, ինչո՞ւ:

– Այնպես չի եղել, որ փորձել եմ շարունակել եւ ձախողվել է, պարզապես այդ ոլորտում լուրջ եւ հեռանկրային առաջարկներ չեն եղել: Մինչ այս, այդ ոլորտում միայն ընկերական պայմաններում եմ գործել:

-Իսկ թատրոնում գործելու մտքեր չկա՞ն:

– Անկեղծ ասած բեմը շատ եմ սիրում, բեմի վրա ինձ շատ լավ եմ դրսեւորում, պարզապես կյանքի պայմանները այնպես են դասավորվել, որ ինչքան էլ բեմը սիրեմ, միեւնույն է, կան բաներ, որոնք ավելի կարեւոր են: Այսինքն՝ պետք է տուն պահել, գումար վաստակել իսկ թատրոնում աշխատած 40.000 դրամով այդ ամենը անհնար է: Եթե լինեին հնարավորություններ, կցանկանայի եւ նկարահանվել, եւ խաղալ թատրոնում: Բայց կցանկանամ նկատել, որ «սերիալային դերասան» բնորոշումը սխալ է, քանի որ սերիալը միջոց է, որով կարելի է լուրջ քայլ անել: Այսօր թատրոնում ունեմ առաջարկներ, վերջերս ստիպված եղա մի լավ առաջարկ մերժել, որի շրջանակներում երեխաների համար պետք է խաղայի: Ես սիրում եմ իսկական թատրոն ասվածը, ոչ թե բիզնեսի վերածված թատրոնը, ես չեմ ցանկանա, որ մարդ գա թատրոն եւ ինձնից հիասթափված գնա: Լինում են առաջարկներ, երբ հասկանում ես, որ քեզ հրավիրում են, ոչ թե, որ դու լավ դերասան ես, այլ պարզապես արդեն հայտնի դեմք ես, ինչը ես չեմ հասկանում, քանի որ եթե մարդիկ պետք է գան դեմքս նայելու, ապա փողոցում էլ կարող են տեսնել:

-Սարգիս, անդրադառնալով Ձեր կերպարներին՝ հետաքրքիր է՝ ի՞նչ ընդհանրություններ կան Ձեր կերտած կերպարների եւ Ձեր իրական տեսակի միջեւ:

– Կարելի է ասել, կան ընդհանրություններ: Ես չեմ ուզում գլուխ գովել եւ ինքս ինձ գովեստի խոսքեր շռայլել, բայց Փառք Աստծո, ես ընտանիքից դուրս եկած մարդ եմ, ունեմ լավ դաստիարակություն, ընկերասեր եմ, նախանձ չեմ, չեմ ընդունում սուտը: Սրանք մարդկային հատկանիշներ են, որոնցով օժտված են նաեւ իմ կերտած կերպարները:

-«Բախտաբեր» հեռուստասերիալում դուք լավ ընկեր եք, հետաքրքիր է, ընկերության մեջ Ձեզ համար ամենակարեւոր արժեքները որո՞նք են:

– Ես շատ լավ ընկերներ ունեմ, նրանցից մի մասը իմ մանկության ընկերներն են, մի մասը բակի, մի մասը ուսանողական, այսինքն՝ յուրաքանչյուր վայր, ուր հայտնվել եմ, ձեռք եմ բերել լավ ընկերներ: Ամեն մարդու բախտը չի բերում, որ արժանանա իսկական ընկեր կոչմանը: Կոնկրետ ես ընկերասեր եմ, իմ կերպարով էլ որոշ կերպով ցույց եմ տալիս, թե ինչպիսին պետք է լինի իսկական ընկերը: Ընկերը պետք է լինի նվիրված, անշահախնդիր, անկեղծ, զիջող եւ հարգող: Հուսամ սերիալում ներկայացված մեր ընկերությունը նոր սերնդի համար օրինակ կարող է ծառայել: Ես ուզում եմ, որ ամեն մեկն իր կողքին ունենա այնպիսի ընկեր, որով նա միշտ հարուստ կլինի, ում հետ իրեն միայնակ չի զգա:

 

Հարցազրույց ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս