
ԱՄՆ-ը դարձյալ պնդում է, որ Բաշար Ասադը պետք է հրաժարական ներկայացնի

ԱՄՆ Պետդեպարտամենի մամլո ծառայության ղեկավար Ջոն Քիրբին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները անհրաժեշտ է համարում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կողմից հրաժարական տալն ու իշխանությունը երկրում քաղաքական այլ ուժերին հանձնելը, հայտնում է TASS-ը:
«Միացյալ Նահանգների տեսակետից ոչ մի զիջում չպետք է լինի: Մեր դիրքորոշումը Ասադի հարցով փոփոխություն չի կրել: Նա չի կարող Սիրիայի ապագայի մաս կազմել»,- ասել է Քիրբին:
Քիրբին նշել է, որ ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին սիրիական կոնֆլիկտի կարգավորման հարցերը քննարկել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի ու Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ադել ալ-Ջուբեյրայի հետ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ն ու Պարսից ծոցի երկրների արաբական պետությունների համագործակցության խորհրդի երկրները կարծիք էին հայտնել Սիրիայում նոր կառավարության ձևավորման անհրաժեշտության մասին: