Հայտնաբերվել է Ինդոնեզիայում աղետի ենթարկված ինքնաթիռը
Ինդոնեզացի փրկարարները հաստատել են ինդոնեզական Trigana Air Service ավիաընկերությանը պատկանող՝ կիրակի օրը ռադարներից անհետացած ինքնաթիռի բեկորների հայտնաբերումը:
Որոնողա-փրկարարական աշխատանքների իրականացման արդյունքում լուսանկարներում երևացել են «Օքսիբիլ» օդանավակայանից 50 կմ հեռավորության վրա գտնվող ինքնաթիռի բեկորները: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Եղանակային վատ պայմանների պատճառով դեռ փրկարարները չեն կարողանում մոտենալ ինքնաթիռի աղետի վայրին:
Ենթադրվում է, որ աշխատանքները կսկսվեն երեքշաբթի:
Ամենայն հավանականությամբ, ինքնաթիռում գտնվող բոլոր մարդիկ մահացել են:
Հիշեցնենք, որ ինքնաթիռը, որը չվերթ էր իրականացնում Ջայապուրայից դեպի «Օքսիբիլ» օդանավակայան, անհետացել էր կիրակի օրը:
Ինքնաթիռում եղել է 49 ուղևոր ու անձնակազմի 5 անդամները:
Բոլորը եղել են Ինդոնեզիայի քաղաքացիներ: