Էդմոն Մարուքյանի հայտարարության համար հիմք է հանդիսացել Անդրանիկ Նիկողոսյանի հայտարարությունը
Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանն առաջարկում է քրեականացնել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության կամ տարածքային ամբողջականության դեմ արված հրապարակային հայտարարություն կամ կոչ անելը: Այսօր նա շրջանառության մեջ է դրել «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ պարզաբանելով, որ գործող Քրեական օրենսգիրքը պատիժ չի նախատեսում, օրինակ, Հայաստանի Հանրապետությունն ամբողջությամբ կամ մասնակիորեն այլ պետության կազմի մեջ մտցնելուն ուղղված հրապարակային հայտարարություն կամ կոչ անելու համար, այնինչ այդ բնույթի արարքը, ըստ պատգամավորի, ոտնձգություն է Հայաստանի անկախության մասին հռչակագրի նկատմամբ:
168.am-ը Էդմոն Մարուքյանից հետաքրքրվեց, թե պատգմավորներից ովքե՞ր են սատարում իր այդ նախաձեռնությանը: Ի պատասխան՝ նա ասաց՝ քանի որ հիմա արձակուրդային շրջան է, ինքը պատգամավորներից ոչ ոքի հետ չի խոսել այս նախագծի մասին, բայց հետագայում եթե իրեն միանալ ցանկացողներ լինեն, ինքը մեծ հաճույքով կողջունի նրանց այդ քայլը:
Հարցին՝ նախագիծը կազմելուց առաջ քննարկե՞լ եք այն մասնագետների, փորձագետների հետ, Է. Մարուքյանն այսպես պատասխանեց. «Մի քանի օր է արդեն, իմ ֆեյսբուքյան պատին քննարկում է գնում, ավելին՝ նաև բազմաթիվ սահմանադրական իրավունքի, մարդու իրավունքի մասնագետ ընկերներ ունեմ, որոնց հետ նույնպես քննարկել եմ, այսինքն՝ այդ առումով որևէ մտավախություն չկա»:
Մեր այն հարցին էլ, թե ինչո՞ւ հենց հիմա պատգամավորը որոշեց նման նախագծով հանդես գալ, նա պատասխանեց, որ դրա համար առիթ է հանդիսացել արդեն հայտնի դարձած հայտարարությունը՝ Հայաստանի ինքնիշխանության դեմ արված. «Դե, պարզ է, որ առիթ է հանդիսացել արդեն իսկ քննարկման առարկա հանդիսացած հայտարարությունը՝ Հայաստանի ինքնիշխանության դեմ արված, որն էլ բերեց նրան, որ նախագիծը պատրաստվեց»:
Հիշեցնենք, որ մի քանի շաբաթ առաջ Ռուսաստանի ռազմավարական զարգացման ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Նիկողոսյանը հայտարարել էր, թե Հայաստանը պետք է մտնի Ռուսաստանի կազմի մեջ: