Ներկա կգտնվի՞ Վ. Պերմյակովը հայկական կողմից իրականացվող դատավարությանը
«Մեղադրող կողմն ասում էր, որ ռուս-հայկական հարաբերություններր մեջ սեպ է խրվել և այլն, և շատ կարևոր է, որ Պերմյակովը շատ խիստ պատժի ենթարկվի, բայց մեզ համար ամենակարևորը դա չէ, այլ այն, որ այդ ծնող պատճառները վերանան, որպեսզի նման հանցագործությունները չշարունակվեն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդի ներկայացուցիչ-փաստաբան Լուսինե Սահակյանը:
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ տեղի ունեցավ հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամներին գնդակահարած Վալերի Պերմյակովի դատավարության մի մասը՝ դասալքության, զենքի հափշտակության և զենքը ապօրինի կրելու մասով, որի համար Վ. Պերմյակովին դատապարտեցին 10 տարի ազատազրկման: Այս գործում որպես տուժող կողմ էր հանդես գալիս 102-րդ ռազմաբազան:
Փաստաբանի խոսքով՝ «ծածկադմբոց» անելով չէ, որ խնդիրը լուծվում է, խնդիրը լուծում է պահանաջում. «Այսօր մենք հասկացանք, որ ռուսական կողմը խնդիրը չի լուծում, ընդհակառակը՝ նա խնդիրը փակում է՝ նաև պատասխանատվության չենթարկելով իր սպաներին և այն անձանց, ովքեր պատասխանատու էին, որ նման հանցագործություն չկատարեր: Մենք հետևողական ենք լինելու, որ բոլոր հարցերը պատասխաններ ստանան, թե չէ այս հանցագործությունները կշարունակվեն»:
Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդի ներկայացուցիչ-փաստաբաններից Երեմ Սարգսյանն էլ ասաց, որ երբ իրենք ծանոթանան նաև հայկական կողմի տրամադրած նյութերին, կտեսնեն՝ որքանով կարող են դրանցից որոշակի տեղեկություններ ստանալ հենց կոնկրետ ռուսական ռազմաբազայի կամ այլ պաշտոնատար անձանց կողմից իրենց լիազորությունները չարաշահելու հետ կապված. «Եվ միանշանակ՝ նաև այդ ուղղությամբ քայլեր կձեռնարկենք, որպեսզի կանխենք հետագայում նման դեպքերի առկայությունը»:
Անդրադառնալով նրան, թե որտե՞ղ պետք է գտնվի Վ. Պերմյակովը հայկական կողմի կողմից իրականացվող դատավարության ժամանակ՝ Ե. Սարգսյանն ասաց, որ բավականին դժվար է միանշանակ պատասխան տալ այդ հարցին. «Քանի որ այստեղ դեռևս գործ ունենք կալանքի հետ, սակայն երբ դատավճիռը մտնի օրենքի ուժի մեջ, այս դեպքում արդեն պատիժ պետք է կրի, և այդ պատիժը կրելու պայմանները ռուսական ռազմաբազան ունի, թե ոչ, ինձ համար դեռ անհայտ է: Խնդիր է առաջանալու, որ մի կողմից պետք է պատիժ կրի, մյուս կողմից պետք է ներկա գտնվի հայկական կողմից իրականացվող դատավարությանը: Այս առումով, թե ինչ լուծում կտան՝ դեռ միանշանակ չենք կարող ասել»: