Բաժիններ՝

Պերմյակովի պահվածքը «տարօրինակ» էր. Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդի ներկայացուցիչ-փաստաբան

Այն, որ Վալերի Պերմյակովը մեղսունակ է, դա կասկած չի հարուցում, սակայն այն, որ իր պահվածքն ունի խնդիրներ, սա էլ է միանշանակ: Այս կարծիքին է Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդի ներկայացուցիչ-փաստաբան Լուսինե Սահակյանը, որն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ օրերս Վալերի Պերմյակովի դատավարությանը իրենց մասնակցության նպատակն էր՝ տեսնել Վ. Պերմյակովին և հասկանալ, թե այդ անձնավորությունը կարո՞ղ էր նման գործողություններ անել, թե՞ ոչ, և երկրորդ՝ ծանոթանալ նախաքննությանը։

Նրա խոսքով՝ այդ դատավարության ընթացքում իրենք իրենց առջև դրված խնդիրը չկարողացան լուծել, քանի որ Վ. Պերմյակովը հրաժարվեց ցուցմունք տալ, որևէ բան չէր խոսում, պահվածքը «տարօրինակ» էր: Ըստ նրա՝ առավել «տարօրինակ» էր նրա պահվածքի ֆոնին այն փորձագետների եզրակացությունը, որոնց հետազոտությունների արդյուքնում ռուսական կողմը եկել էր այն եզրակացության, որ Պերմյակովը լրիվ առողջ է:

«Մեզ համար միանշանակ էր, որ նա ունի առողջական խնդիրներ։ Նման պայմաններում նա չպետք է զորակոչվեր, բայց եթե անգամ զորակոչվել էր, նրա ձեռքում զենք չպետք է հայտնվեր»,- ասաց Լ. Սահակյանը՝ ընդգծելով, որ ռուսական կողմը ջանք չի ներդրել, որպեսզի պատասխանատվության ենթարկի այն անձանց, որոնք Պերմյակովին առողջ էին ներկայացրել, ու դրա համար փորձագետների եզրակացություններ էին հայտնվել, որ նա լրիվ առողջ է:

Դրա պատճառով իրենք միջնորդելու են, որպեսզի հայկական կողմում նշանակվի դատաբժշկահոգեբանական փորձաքննություն. «Մեծ հույսեր չունենք, որ հայկական կողմը ռուսական կողմի փորփագետների եզրակացությունից հակառակ եզրակացություն կտա, բայց մենք ամեն դեպքում գնալու ենք այդ քայլին»:

Հարցին՝ միայն այն տեղեկությունները, որոնք ստացաք դատավարության ընթացքում, ինչի՞ մասին են վկայում՝ Պերմյակովը միայնա՞կ է գործել, թե՞ խմբով, փաստաբան Երվանդ Վարոսյանն պատասխանեց, որ այն հատվածները, ինչին իրենք ծանոթացել են, դեռ բավարար չեն նման եզրակացության հանգելու համար. «Մեզ պետք է Պերմյակովի ցուցմունքն ամբողջությամբ, թե նա ինչպես է նկարագրում, ինչ գործողություններ է արել Ավետիսյանների տանը, ինչ հաջորդականությամբ: Այդ ժամանակ կարող ենք համեմատել և խոսել այն մասին, որ մարդը ցուցմունք է տալիս մի բանի մասին, որից ընդհանրապես տեղեկություններ չունի: Մենք այսօր իր ցուցմունքը տանը կատարվածի մասին չունենք»:

Հարցին՝ եթե Պերմյակովը դատավարության ընթացքում իրեն իներտ է պահել, չի բացահայտել, ինչպե՞ս եք եզրակացրել, որ նա խնդիրներ ունի՝ Երվանդ Վարոսյանը պատասխանեց, որ հենց այն, որ իներտ էր այդ դատավարությանը, դա էլ է խոսում խնդրի մասին. «Տպավորություն էր, որ նա լիովին չի գիտակցում՝ ուր է, ինչ է տեղի ունենում իր հետ: Հենց այդ իներտ պահվածքն էլ գնահատականի արժանի է»:

Փաստաբան Միհրան Պողոսյանի համար էլ դատավարության առաջին իսկ վայրկյանից պարզ դարձավ, որ դա ոչ թե արագացված դատավարություն էր, այլ այդ դատավարություն պետք է մեկ օրում կատարվեր. «Դատավարությունից առաջ դատարանի մամուլի քարտուղարը լրագրողներին տեղեկացնում է, թե ինչ է լինելու, այսինքն՝ առավոտյան բոլորը տեղեկացված էին, որ տեղի է ունենալու այդպիսի հապճեպ դատաքննություն: Սա համաձայնեցված որոշում էր բոլոր մասնակիցների կողմից»:

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ տեղի ունեցավ հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամներին գնդակահարած Վալերի Պերմյակովի դատավարության մի մասը՝ դասալքության, զենքի հափշտակության և զենքը ապօրինի կրելու մասով, որի համար Վ. Պերմյակովին դատապարտեցին 10 տարի ազատազրկման: Այս գործում որպես տուժող կողմ էր հանդես գալիս 102-րդ ռազմաբազան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս