Կառավարության շենքը կրկին վերանորոգվում է

ՀՀ կառավարության աշխատակազմը շենք-շինությունների հիմնանորոգման համար ծախսել է 43 մլն 437 հազար 535 դրամ և օգոստոսի 4-ին 3 տարբեր պայմանագրերով մեկ անձից գնումներ է կատարել: Մասնավորապես՝ առաջին պայմանագրով «Վեկս» ընկերությանը վճարել է 25 մլն 986 հազար դրամ՝ դահլիճների բարձրորակ վերանորոգման ու ներքին հարդարման, այդ թվում՝ ոսկեզօծման համար: «Վեկսն» աշխատանքները սկսել է օգոստոսի 5-ին և պետք է ավարտի սեպտեմբերի 3-ին:

Երկրորդ պայմանագիրը կնքվել է «Արայ» ընկերության հետ՝ 10 մլն 455 հազար 535 դրամ գումարով: Ընկերությունն իրականացնելու է օդորակիչների, բարձրախոսների և պրոյեկտորի մոնտաժման աշխատանքներ:

Երրորդ պայմանագրով Կառավարությունը 6 մլն 996 հազար դրամով «Մեգերյան կարպետ» ընկերությունից դահլիճների օժանդակ ձևավորման ծառայություն է գնել: Ուշագրավ է, որ բացի 20 գորգերից՝ ընկերությունը հատուկ պատվերի շրջանակներում պետք է նաև պատրաստի ու տեղադրի Կառավարության շենքի նկարվածքով արույրե բարելիեֆ (խորաքանդակ): Սա կարժենա 230 հազար դրամ:

Այս բոլոր աշխատանքների վերահսկողության նպատակով ՀՀ կառավարությունը նույն օրը՝ օգոստոսի 4-ին, պայմանագիր է կնքել «Միքգալ շին» ընկերության հետ՝ շինաշխատանքների՝ նորմերին համապատասխանությունը ստուգելու համար, և պետբյուջեից կվճարի ևս 420 հազար դրամ:

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ ընդամենը մի քանի ամիս առաջ դահլիճների վերանորոգման, ոսկեզօծ պատերի, քանդակների ու նոր կահույքի համար ՀՀ կառավարությունը կրկին պետբյուջեից հատկացումներ էր արել՝ 241 միլիոն դրամի չափով: Ընդ որում, ուշագրավ է, որ թե´ անցած տարի դեկտեմբերին, թե´ այս տարի մարտին շինաշխատանքների իրականացումն ուղիղ պայմանագրով, առանց որևէ մրցույթ հայտարարելու, կրկին վստահվել էր «Վեկս» ընկերությանը:

 

Տեսանյութեր

Լրահոս