«Սա հայ մարդը չի կարող գրել, սա կա՛մ վաճառված, կա՛մ ծախված, կա՛մ թշնամի մարդն է գրել. պարզվում է՝ մենք ճագարների արդյունքն ենք». Սոս Գիմիշյան
«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը կարծում է՝ սահմանադրական բարեփոխումների նախագիծը մի շարք մտահոգիչ դրույթներ ունի իր մեջ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով նախագծի խնդրահարույց կետերի մասին՝ Ս. Գիմիշյանը նախ նշեց, որ այս նախագծով ամբողջանում է արտաքին կառավարումը:
«Գործող Սահմանադրության 6-րդ հոդվածը փոփոխության է ենթարկվել, որտեղից «միջազգային պայմանագրերն ուժի մեջ են մտնում միայն վավերացման կամ հաստատումից հետո» դրույթը հանվել է: Սա նշանակում է՝ մինչ այս գործող բոլոր միջազգային պայմանագրերն ավտոմատ գործելու են Հայաստանում և գերակայություն են ունենալու օրենքի առջև, այսինքն՝ արտաքին կառավարումն ամբողջանում է»,- նշեց Ս. Գիմիշյանը:
Ըստ նրա՝ այս նախագծի մեջ հայկական ընտանիքի քայքայման ծրագիր կա: Նրա խոսքով՝ պարզվում է՝ բացի բնական և հիմնական բջիջից, հայկական ընտանիքը նաև բազմացման հիմք է. «Միայն մարդը, որը բազմացման արդունքում է լույս աշխարհ եկել, կարող է այսպիսի բան գրել: Սա նշանակում է՝ իմ ծնողները ճագարներ են, բազմացնում են: Սա հայ մարդը չի կարող գրել, սա կա՛մ վաճառված, կա՛մ ծախված, կա՛մ թշնամի մարդն է գրել: Պարզվում է՝ մենք ճագարների արդյունքն ենք, դա վիրավորանք է իմ ծնողներին, ինձ և իմ երեխաներին»:
Նա նշեց, որ խնդրահարույց է նաև նախագծի 36-րդ հոդվածի 4-րդ կետը, որով՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաները գտնվում են պետության պաշտպանության և հոգածության ներքո. «Այստեղ մեկը կա՞, որ հավատում է, որ մեր իշխանությունը պատրաստ է այն գումարները, որոնք բյուջեից գողանում է, ծախսի երեխաների վրա: Ակնհայտ է, որ ոչ: Սա երևի անում են, որ երեխաներին տան միասեռականներին, քանի որ երեխայի բիզնեսն այսօր աշխարհում ամենաձեռնտու բիզնեսն է»:
Ս. Գիմիշյանը նաև կարծում է՝ այս նախագծով՝ Հայ Առաքելական եկեղեցուն զրկել են բոլոր առանձնահատուկ իրավունքներից, բերել հավասարեցրել են աղանդներին. «Գրված է՝ բոլոր եկեղեցական կառույցներն իրավահավասար են, մյուս կողմից՝ աղանդներին տվել են բազմաթիվ լայն իրավունքներ՝ քարոզելու»:
Ս. Գիմիշյանի համար արտասահմանցիների և քաղաքացիություն չունեցող մարդկանց համար հողի սեփականության նկատմամբ արգելքի հանումը Սահմանադրությունից նույնպես մտահոգիչ է. «Ամբողջ Հայաստանը վաճառելու են, մնում է՝ հողն էլ ծախեն, և Թուրքիան կարող է ամբողջ Հայաստանը գնի՝ ուրիշ մարդկանց միջոցով: Եթե հաշվի առնենք, որ մոտակա 100 տարին խմելու ջրի պատերազմի դար է լինելու, ապա Սևանը հաստատ վաճառելու են»: