Քննությամբ պարզվել են Ագարակում հնչած կրակոցների մի շարք հանգամանքներ. երեք անձ ձերբակալվել է
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են 2015թ. օգոստոսի 4-ին Ագարակում հնչած կրակոցների մի շարք հանգամանքներ, հստակեցվում են առերևույթ հանցագործություն կատարած անձանց շրջանակը։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ նախնական քննության տվյալներով՝ 2015թ. օգոստոսի 4-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Ագարակի բնակիչ, 1962թ. ծնված Ս.Հովհաննիսյանի հետ լարված փոխհարաբերությունների մեջ գտնվող 28-ամյա Ռ.Աթանեսյանը, 30-ամյա Բ.Ավետիսյանը ավտոմեքենան արագ վարելու հարցի շուրջ վիճաբանել են նրա հետ: Այնուհետև նույն օրը՝ ժամը 22:30-ի սահմաններում, մի խումբ անձինք Ռ.Աթանեսյանին պատկանող «Պորշե Կայեն S 4.5» մակնիշի, Բ. Ավետիսյանին պատկանող «Մերսեդես Բենց E320» մակնիշի և Լ. Ալավերդյանին պատկանող «Վազ 21-06» մակնիշի ավտոմեքենաներով դարանակալել են Ագարակ քաղաքի Չարենցի փողոցի 22-րդ շենքի բակում, ապա «Վազ 21-06» մակնիշի ավտոմեքենայի ղեկին գտնվող անձը վարելով հարվածել է Ս.Հովհաննիսյանի վարած «Նիսսան Իքստրեյլ» մակնիշի ավտոմեքենայի ձախ հատվածին։
Այնուհետև կրակոցներ են արձակվել Ս.Հովհաննիսյանի ուղղությամբ, սակայն վերջինիս հաջողվել է դիմել փախուստի։
Դեպքի առթիվ 2015թ. օգոստոսի 5-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 7-րդ և 10-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից, խուլիգանական դրդումներով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով մարդուն դիտավորությամբ ապօրինի կյանքից զրկելու փորձ):
Քննության շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում ձերբակալվել է 3 անձ. 2015թ. օգոստոսի 12-ին Սյունիքի մարզային քննչական վարչություն են ներկայացել Սյունիքի մարզի բնակիչներ Հ. Հովհաննիսյանը /ծնված 1984թ./ և Ռ.Աթանեսյանը /ծնված 1987թ./, վերջինս ներկայացրել է նաև «Վինչեստր ֆաբարմ» մոդելի 12 մմ տրամաչափի մեկ փողանի որսորդական հրացանը։
Օգոստոսի 11-ին Սյունիքի մարզային քննչական վարչություն էր ներկայացել նաև միջադեպի մասնակից Բ.Ավետիսյանը: Նշված երեք անձինք ձերբակալվել են՝ Ս.Հովհաննիսյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով։
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական միջոցառումներ՝ դեպքի բազմակողմանի և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: