Գաբրիել Գարսիա Մարկեսի աճյունափոշին կամփոփվի Կարտախենայի մենաստանում
Գրականության ոլորտի նոբելյան մրցանակակիր Գաբրիել Գարսիա Մարկեսի մասունքները դեկտեմբերին Մեքսիկայից կտեղափոխվեն նրա հայրենիք՝ Կոլումբիա ու կամփոփվեն Կարտախենայի մենաստանում, որտեղ գրողն անցկացրել է իր կյանքի զգալի մասը, հայտնում է BBC-ն:
Շատերը կարծում էին, թե նրա աճյունափոշին ընդմիշտ կմնա Մեքսիկայում, որտեղ նա ապրել է իր կյանքի վերջին տարիներին: Մոգական ռեալիզմի վարպետի աճյունափոշին Կարտախենա տեղափոխելու որոշումը կայացրել էր գրողի ընտանիքը:
«Հարյուր տարվա մենություն» գրքի ապագա հեղինակը առաջին անգամ Կարտախենա է ժամանել 1948 թվականին տեղի թերթում լրագրող աշխատելու նպատակով: Նրա «Սերը խոլերայի ժամանակ» գրքի իրադարձությունները նույնպես տեղի են ունենում Կոլումբիայի այդ քաղաքում:
Հիշեցնենք, որ 87-ամյա գրողը մահացել է 2014 թվականի ապրիլին Մեքսիկայում:
Մարկեսը համարվում էր ամենաճանաչված իսպանալեզու գրողը` Միգել Սերվանտեսի ժամանակներից ի վեր: Մարկեսին միջազգային ճանաչում էր բերել հատկապես նրա «Հարյուր տարվա մենություն» վեպը, որը թարգմանվել է բազմաթիվ լեզուներով, այդ թվում` հայերեն: