Բաժիններ՝

Ո՞վ է կազմակերպել վաղվա բողոքի ակցիան. ՕԵԿ-ից հերքում են, որ կազմակերպիչն իրենք են

Վաղը Կառավարության շենքի դիմաց կայանալիք ՓՄՁ ներկայացուցիչների բողոքի ակցիան չի կազմակերպվել ո՛չ «Շրջանառությանի հարկի մասին» նոր օրենքի դեմ պայքարող «Կասեցում» նախաձեռնության, և ո՛չ էլ «Փոքր ձեռներեցությամբ զբաղվողների հայկական միության» կողմից:

Նշենք, որ Ֆեյսբուք սոցիալական ցանցում որոշ օգտատերեր ստեղծել են նախաձեռնություն՝ համաձայն որի՝ վաղը ժ. 10:30-ին ՓՄՁ ներկայացուցիչները բողոքի ակցիա են իրականացնելու Կառավարության շենքի դիմաց՝ ընդդեմ 5 տոկոս դրույքաչափի:
Հիշեցնենք, որ արդեն հուլիս ամսից գործում է «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքը, որը, բողոքի ակցիաների արդյունքում՝ 2 անգամ հետաձգվել էր: Օրենքի փոփոխությամբ, ձեռք բերված ապրանքների համար փաստաթուղթ չունենալու դեպքում այսուհետ 3.5 տոկոս հարկն ավելանում է՝ դառնալով 5 տոկոս, փաստաթուղթ ունենալու դեպքում գործարարների հարկային բեռը 4 տոկոսային կետով նվազում է։

168.am-ի հետ զրույցում «Կասեցում» նախաձեռնության անդամ Սամսոն Գրիգորյանը հայտնեց, որ իրենք ոչ մի կապ չունեն այդ բողոքի ակցիայի հետ. «Այդ բողոքի ակցիան կազմակերպել է «Օրինաց Երկիր» կուսակցությունը, համենայն դեպս, իմ շրջապատի ծանոթ շուկաներից ոչ ոք տեղյակ չէ դրանից»:
Մեր ճշտող հարցին՝ չե՞ք մասնակցելու այդ ակցիային, Ս. Գրիգորյանը պատասխանեց, որ չի մասնակցելու:

Մեզ հետ զրույցում ՕԵԿ-ի մամուլի խոսնակ Արթուր Միսակյանը հերքեց, որ իրենք են կազմակերպել այդ բողոքի ակցիան՝ նշելով, որ հնարավոր է՝ շատ ՕԵԿ-ականներ մասնակցելու են, բայց ինքը հստակ տեղեկություն չունի, թե ով է կազմակերպել այդ բողոքի ակցիան:

«Փոքր ձեռներեցությամբ զբաղվողների հայկական միության» նախագահ, ինչպես նաև՝ ՕԵԿ անդամ Ստեփան Ասլանյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ ինքն այս նախաձեռնության մասին տեղեկացել է սոցիալական ցանցերից և վաղը ինքն էլ է մասնակցելու այդ բողոքի ակցիային, բայց որպես նախաձեռնող հանդես չի գալիս:
«Սա կուսակցական խնդիր չէ: Տնտեսությունը տնտեսություն է, այն ոչ մի կապ չպետք է ունենա քաղաքականության հետ, մարդիկ ինքնաբուխ են փակում իրենց սեղանիկներն ու դուրս գալիս»,- մեզ հետ զրույցում ասաց Ստեփան Ասլանյանը:

Մենք նաև փորձեցինք կապ հաստատել Ֆեյսբուքում այդ նախաձեռնությունը հիմնած օգտատերերից Սևան Աղաջանյանի հետ, ով մեզ տեղեկացրեց, որ ստեղծվել է «Չեմ վճարելու 5%», նոր նախաձեռնություն, որը պայքարելու է 5 տոկոս դրույքաչափի դեմ:
«Ընդունված օրենքով հարկային բեռը բարձրացվում է՝ սահմանելով 5%-ի, որը Կառավարության կողմից ներկայացված աղետալի որոշում է: Այս օրենքով ՓՄՁ-ն հայտնվում է կոլապսի մեջ, հարկային բեռի նվազեցումը, ըստ էության, ավելացման է տանում: Մենք առաջարկում ենք, որ 5%-ի փոխարեն՝ լինի 3, 5%՝ ինչպես նախկինում էր: Եթե այդպես լինի, ցանկացած ՓՄՁ կաշխատի նորմալ: Մենք ցանկանում ենք, որ 5%-ի բարձրացումը չլինի, այսինքն՝ մենք աշխատենք նախկին՝ 3,5%-ի շրջանառությամբ»,- նշեց Ս. Աղաջանյանը:

Մենք այս նոր նախաձեռնության մեկ այլ անդամից՝ Արսեն Արզանյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ քայլերի են իրենք դիմելու՝ հաջողության հասնելու համար՝ հաշվի առնելով, որ նախկինում էլ են տարբեր նախաձեռնություններ պայքարել այս օրենքի դեմ, սակայն հիմա օրենքն ուժի մեջ է մտել: Ի պատասխան մեր հարցին՝ Ա. Արզանյանն ասաց, որ իրենք առաջարկում են, որ, եթե ՓՄՁ-ն ցանկանում է փաստաթղթավորում իրականացնել, թող հարկվի 1 տոկոսով, եթե ոչ՝ 3.5 տոկոսով. «Վաղը մենք ակցիա ենք կազմակերպել Կառավարության շենքի դիմաց, մեր բողոքի ակցիայի ընթացքում կխոսենք այն մասին, թե ինչ ենք մենք ցանկանում, նամակ կհանձնենք Կառավարությանը, Հովիկ Աբրահամյանին, և նամակի պատասխանից հետո նոր մեր գործողությունները կհրապարակենք»:
Հարցին էլ՝ ո՞ր շուկաների ներկայացուցիչներն են լինելու բողոքի ակցիային, Ա. Արզանյանը պատասխանեց, որ կարծում է՝ կլինեն Ֆիրդուսի, «Ռոսիայի» և տեխնիկայի ոլորտի ՓՄՁ-ների ներկայացուցիչներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս