Կմասնակցի՞ ԱԻՄ-ը ՀԱԿ-ի՝ «ոչ»-ի շարժմանը
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը հայտարարեց, որ առաջարկում են քաղաքական բոլոր ուժերին՝ համախմբվել, միասնական ճակատ ստեղծել որևէ այլընտրանքային գաղափարի շուրջ: Նրա խոսքով՝ սահմանադրական փոփոխություններին և՛ «ոչ» ասողները, և՛ բոյկոտողներն իշխանությունների դաշնակիցներն են, որովհետև հենց այնպես «ոչ» ասել՝ առանց հիմնավոր ճակատ կազմելու, ԱԻՄ առաջնորդի գնահատմամբ՝ կհանգեցնի նրան, որ օրինականացվի հանրաքվեն, որը տեղի է ունենալու:
Հարցին՝ ձեզ միանալու առաջարկով դիմե՞լ եք քաղաքական ուժերին, ԱԻՄ առաջնորդն այսպես պատասխանեց. «Մենք հրապարակում հնչեցրել ենք, բայց մեզ մոտ քաղաքական ուժերը ոչ բոլորն են քաղաքական: Քաղաքական ուժերը տաբեր են լինում, բայց քաղաքացին տարբեր չէ: Մենք դիմել ենք քաղաքական ուժերին, բայց ժամավաճառությամբ չենք զբաղվելու, եթե քաղաքական ուժերի հետ չստացվի, ապա քաղաքացիներին պետք է հրավիրենք միասին աշխատելու, ինչպես միասին աշխատում էինք 1987 թվականին»:
Լրագրողներից մեկի այն հարցին էլ, թե ՀԱԿ-ն արդեն հայտարարել է, որ «ոչ»-ի շարժում է նախաձեռնելու, հնարավո՞ր է՝ միանաք ՀԱԿ-ի նախաձեռնած շարժմանը, ԱԻՄ առաջնորդը պատասխանեց, որ նման բան միայն ՀԱԿ-ը չի հայտարարել, այլ շատ ուժեր. «Միայն ՀԱԿ-ը չի հայտարարել, մեր հրապարակային քննարկման ժամանակ «Ժառանգության» ներկայացուցիչն էլ հայտարարեց, որ պետք է միասնական ճակատ ստեղծել, «ոչ»-ի կամ բոյկոտի մասին հայտարարություն արել է նաև «Հիմնադիր խորհրդարանը» և այլ քաղաքական ուժեր: Այդ բոլոր հայտարարություն անողներին ասում ենք՝ ասեք՝ ե՞րբ, որտե՞ղ և ինչպե՞ս հավաքվենք: Դուք չեք անում, մենք ենք անում: Սա երկար տևել չի կարող, ՀԱԿ-ը եթե «ոչ»-ի շարժում է սկսում, թող ասի՝ այսինչ օրը «ոչ»-ի կողմնակիցները հավաքվում ենք, մենք էլ կգնանք՝ արհամարհելով ամեն բան, ու կասենք՝ մենք էլ ենք «ոչ»-ի կողմնակից, որովհետև կա այս «այո»-ն»: