Բաժիններ՝

Դեռ պարզ չէ, թե երբ Հայաստան կտեղափոխեն Հրաչյա Հարությունյանին. նա առողջական խնդիրներ չունի

Մոսկվայում 6 տարի և 9 ամիս ազատազրկման դատապարտված Հրաչյա Հարությունյանին Հայաստան տեղափոխելու գործընթացից դեռևս տեղեկություններ չկան: Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտնեց Հ. Հարությունյանի դուստրը՝ Լիլիթ Հարությունյանը:

Հիշեցնենք, որ 2013 թվականի հուլիսի 13-ին Հ. Հարությունյանը «Կամազ» մակնիշի մեքենայով ՌԴ Պոդոլսկի շրջանի մերձակայքում բախվել էր մարդատար ավտոբուսին, ինչի հետևանքով զոհվել էր 18 մարդ: 2014 թվականի օգոստոսի 4-ին Մոսկվայի Տրոիցկի դատարանը դատավճիռ է կայացրել, համաձայն որի՝ Հ. Հարությունյանը դատապարտվել է 6 տարի և 9 ամիս ազատազրկման՝ երկու հոդվածներով՝ ՌԴ քրեական օրենսգրքի 264-րդ (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտում) և 327-րդ (Կեղծ փաստաթղթերի օգտագործում): Հարությունյանն անազատության մեջ է արդեն երկու տարի:

«Դեռևս տեղեկություններ, որպես այդպիսին, չկան, մենք ինքներս էլ ենք սպասում, գիտեմ, որ տեղափոխման փուլն արդեն քննարկվում է, բայց, թե ե՞րբ և ինչպե՞ս կլինի՝ դեռ պարզ չէ»,- մեզ հետ զրույցում նշեց Հ. Հարությունյանի դուստրը:

Հարցին՝ փաստաբանի հետ խոսե՞լ եք, մինչև ե՞րբ է նախատեսվում իրականացնել տեղափոխումը, Լիլիթը պատասխանեց, որ ոչ մի ժամանակացույց չեն նշում, ոչ մի տեղեկություն չունեն:

Կարդացեք նաև

Մենք նաև հետաքրքրվեցինք Լիլիթից՝ արդյոք տեղյա՞կ է, թե ինչ առողջական վիճակում է գտնվում հիմա իր հայրը: Ի պատասխան մեր հարցին՝ Լիլիթն ասաց. «Տեղյակ ենք, որ առողջական ոչ մի խնդիր չունի, ամեն ինչ նորմալ է»:

Հիշեցնենք նաև, որ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարի ընթացքում հայտարարել էր, որ իր և ՌԴ գլխավոր դատախազի միջև պայմանավորվածություն է եղել, որ Հրաչյա Հարությունյանը պատիժը կրի Հայաստանում, քանի որ նա ՀՀ քաղաքացի է: «Այդ հարցի կապակցությամբ ևս կարող ենք փաստել, որ ունենք արդյունք»,- ասել էր Գ. Կոստանյանը:

Հիշեցնենք նաև, որ այս տարվա սկզբին ՀՀ արդարադատության արդեն նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը հանդիպում էր ունեցել (https://168.am/2015/01/19/446008.html) Հ. Հարությունյանի հարազատների հետ և տեղեկացրել, որ դեկտեմբերի սկզբին Անահիտ Մարտիրոսյանի (Հրաչյա Հարությունյանի կնոջ)՝ ՀՀ արդարադատության նախարարություն հասցեագրած դիմումը, որով խնդրում էր Հ. Հարությունյանին՝ պատժի մնացած մասը կրելու նպատակով, Հայաստանի Հանրապետություն տեղափոխել, ընթացքի մեջ է՝ հավելելով, որ դատապարտյալի փոխանցումը ժամանակատար գործընթաց է:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս