Արքայազն Չառլզի ու Դիանայի հարսանեկան բացառիկ լուսանկարները հանվել են աճուրդի
Մեծ Բրիտանիայի արքայազն Չառլզի ու արքայադուստր Դիանայի հարսանիքի ժամանակ արված բացառիկ լուսանկարները, որոնք գտնվել են մասնավոր հավաքածուում, հանվել են աճուրդի, հայտնում է The Guardian-ը:
Խոսքը 12 լուսանկարի մասին է, որ արվել է Բուքինգհեմյան պալատում հարսանեկան ընդունելության կուլիսներում: Դրանք թվագրվում են 1981թ. հուլիսի 29-ին:
Դրանք 7 սև-սպիտակ ու 5 գունավոր լուսանկարներ են, որոնցում պատկերված են արքայադուստր Դիանան, արքայազն Չառլզը, Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդը, արքայադուստր Աննան ու բրիտանական թագավորական ընտանիքի մյուս անդամները:
Լուսանկարները կվաճառվեն ԱՄՆ-ում սեպտեմբերի 24-ին: Աճուրդը կազմակերպելու է RR Auction-ը:
Լուսանկարները աճուրդի է հանել բրիտանացի լուսանկարիչ Պատրիկ Լիչֆիլդի օգնականը: Լիչֆիլդը միակն էր, ում թույլատրել էին ոչ պաշտոնական կարգով Բուքինգհեմյան պալատում լուսանկարել թագավորական ընտանիքի անդամներին ու նրանց հյուրերին: