Ամուսինների սպանության գործով մեղադրյալը մահացել է
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում շարունակվում է Հովհաննես Մխիթարյանի և նրա կնոջ՝ Լուսինե Մխիթարյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ բժշկական կենտրոնից այսօր առավոտյան վարույթն իրականացնող մարմինը տեղեկություն է ստացել, որ քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված 44-ամյա Տիգրան Մանուկյանը հիվանդանոցում մահացել է:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ հուլիսի 29-ին Կ.Ուլնեցի-Բաբայան 30 շենքի մոտ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ առերևույթ հանցագործություն կատարած անձը հրազենից կրակոցներ է արձակել Հովհաննես Մխիթարյանի և վերջինիս կնոջ՝ Լուսինե Մխիթարյանի ուղղությամբ, ինչի հետևանքով ստացած հրազենային վնասվածքներից ամուսինները մահացել են։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով (երկու կամ ավելի անձանց սպանությունը, որը կատարվել է շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) և 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):
Նախնական քննության արդյունքներով՝ ամուսինների վրա հրազենից կրակոցներ է արձակել Վրաստանի Հանրապետության քաղաքացի, ազգությամբ հայ, 44-ամյա Տիգրան Մանուկյանը, ով ձեռնարկված օպերատիվ-քննչական գործողությունների արդյունքում, հայտնաբերվել էր փաստացի բնակության վայրում՝ Կ.Ուլնեցու 30 շենքի 2-րդ մուտքի նկուղում, գլխի շրջանում հրազենային վնասվածքով, և տեղափոխվել բժշկական կենտրոն: Քննությամբ պարզվել է, որ Տ.Մանուկյանն ինքն էր իրեն պատճառել հրազենային վնասվածք:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին