«Երբեք չեմ ասել, որ ընտրությունները 100 տոկոսանոց հրեշտակային էին, կեղծարարություններ եղել են, կան, և կարծում եմ՝ դեռ երկար ժամանակ կլինեն»

«Մենք այսօր խոսում ենք արմատական փոփոխությունների մասին, ինչ խոսք, նաև շատ կարևոր է Սահմանադրության կատարումը, իսկ ինչո՞ւ Սահմանադրությունը չի կատարվում, քանի որ հավասարակշռությունը չի պահպանվում ընդդիմադիր դաշտում, կիսանախագահականի դեպքում, բնականաբար, ավելի շատ են և՛ կուսակցության, և՛ նախագահի լիազորությունները»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը:

Ըստ նրա՝ սահմանադրական փոփոխությունը նաև նպաստում է, որպեսզի Սահմանադրությունը գործի: Նրա խոսքով՝ գուցե այս նախագծի մեջ կան շատ դետալներ, որոնք իրեն էլ դուր չեն գալիս, բայց այն դրվել է լայն քննարկման, և «ոչ ոք չի ասում, որ սա դոգմա է»:

Հարցին, թե գործող Սահմանադրությո՞ւնն է միանձնյա իշխանության հնարավորություն տալիս, թե՞ այն, որ դուք անընդհատ կեղծել եք ընտրությունները, Լ. Ալեքսանյանն այսպես պատասխանեց. «Ես այն կարծիքին չեմ, որ մենք ենք կեղծել ընտրությունները, ու այն կարծիքին չեմ, որ կեղծվել են ընտրությունները: Ես երբեք չեմ ասել, որ ընտրությունները 100 տոկոսանոց հրեշտակային էին, կեղծարարություններ եղել են, կան, և կարծում եմ՝ դեռ երկար ժամանակ կլինեն: Ընտրությունները Սահմանադրության հետ այդքան կապ չունեն, դրանք Ընտրական օրենսգրքով են կարգավորվում, մենք այսօր խոսում ենք նոր սահմանադրական փոփոխությունների մասին: Համոզված եմ, որ Ընտրական օրենսգիրքը լուրջ փոփոխությունների կենթարկվի»:

Լ. Ալեքսանյանի համոզմամբ՝ ժողովրդավարական զարգացումների առումով՝ խորհրդարանական համակարգը միանշանակ գոնե կես քայլ ավելին է, քան կիսանախագահականը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս