
Ռուսական «Առաջին ալիքը» հայտնել է Իստրինսկի ջրամբարում իր աշխատակցուհու զոհվելու մասին

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Ռոսավիացիան», շաբաթ օրը՝ Մոսկվայի ժամանակով ժ. 20.20-ին, ժ. Մոսկվայի մարզի Ալեխնովո բնակավայրի մերձակայքում՝ Իստրինսկի ջրամբարում, բախվել էին Robinson -44 ուղղաթիռն ու Cessna 206 ինքնաթիռը:
Գերատեսչության տվյալով՝ հիդրոինքնաթիռում եղել է 2 մարդ, Robinson ուղղաթիռում՝ 4 մարդ: Ավելի ուշ Քննչական կոմիտեն հայտնել էր, թե զոհերի թիվը հասնում է 8-9-ի, տեղեկացնում է RIA Novosti-ն:
Քննչական կոմիտեի տվյալով՝ զոհերի մարմինները դուրս են բերվել ջրամբարից, ևս 1 մարդու որոնումները շարունակվում են:
«Ողբերգությանը զոհ են դարձել հիմնականում երիտասարդներ, որոնց մեծ մասի տարիքը 30-ի էլ չէր հասնում: Զոհերի թվում է «Առաջին ալիքի» աշխատակցուհիներից մեկը՝ Լիզա Հաքիմովան, ով հոկտեմբերին պետք է դառնար 27 տարեկան»,- ասվում է հաղորդագրության մեջ: