Սպանված էքստրասենսը մտերիմ կապի մեջ է եղել բերման ենթարկված երիտասարդի հետ. հայտնաբերվել են լուսանկարներ
Երեկ Ոստիկանության Երևան քաղաքի վարչություն բերման էին ենթարկվել «6-րդ զգայարան» հաղորդման էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության մեջ կասկածվող տղա և աղջիկ: Հիշեցնենք, որ ոստիկաններն ու քննիչներն օգոստոսի 5-ին Մազմանյան 5 շենքի թիվ 20 բնակարանում հայտնաբերել էին բնակարանի տիրուհու՝ էքստրասենս 53-ամյա Անի Մաջնունյանի դին՝ ննջարանում բերանքսիվայր գետնին ընկած: Դիակի վրա բազմաթիվ իրեր էին լցված եղել, այդ թվում՝ հագուստներ: Տունն ամբողջովին տակնուվրա էր արված:
Ըստ Ոստիկանության հաղորդագրության՝ երեկ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցները, Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժինն իրացնելով օպերատիվ հետախուզական տվյալները՝ Ոստիկանության Երևան քաղաքի վարչություն են բերման ենթարկել երիտասարդ զույգի:
Նշված անձինք կասկածվում են օգոստոսի 5-ին, Երևանի Մազմանյան 5 շենքի բնակչուհի, «6-րդ զգայարան» հաղորդման էքստրասենս Անի Մաջնունյանին առանձնակի դաժանությամբ սպանելու մեջ: Ըստ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկությունների՝ աղջիկը չի ճանաչել էքստրասենսին, իսկ տղան մտերիմ է եղել Անի Մաջնունյանի հետ: Տղայի անունը Մուշեղ է, իսկ աղջկա անունը՝ Աննա:
168.am-ի տեղեկություններով՝ բերման ենթարկված երիտասարդը շատ մտերիմ՝ ինտիմ կապի մեջ է եղել Անի Մաջնունյանի հետ և շատ հաճախ է եղել նրա բնակարանում: Ըստ նույն աղբյուրների՝ բնակարանից հայտնաբերվել են նրանց լուսանկարները, որոնք ներգրավվել են գործի քննության մեջ: